Օքսֆամի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) նախաձեռնությամբ հրավիրվեց «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկում` կառավարության անդամների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների մասնակցությամբ:
Համաշխարհային GROW քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) նախաձեռնել են «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մշակվել և հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղեկատվական զեկույցների շարքը, որի շուրաքանչյուր թողարկում նվիրված է հասարակության ուշադրությանն արժանի այնպիսի խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են պարենային ապահովվածությունը և պարենային մթերքների գնագոյացման մեխանիզմները, պարենային ապրանքների գների միտումները և դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի և բարեկեցության վրա և այլն: (Զեկույցները հասանելի են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կայքում՝ www.edrc.am ):
Համաձայն զեկույցի, գների ընդհանուր մակարդակը և աճի միտումները Հայաստանում հանդիսանում են ընդհանուր մտահոգության առարկա: Դրանք բազմապիսի հետևանքներ են պարունակում` ինչպես տեղական արտադրության զարգացման և տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական ռիսկերի կառավարման առումներով:
Կարդացեք նաև
Գնաճը տարբեր կերպ է անդրադառնում բնակչության տարբեր եկամտային խմբերում սպառողական վարքագծի վրա: Պարենային գների բարձրացումը բեռ է բոլոր տիպի ընտանիքների համար: Առանձին ընտանիքներ կարողանում են պահպանել սպառման նախկին մակարդակը և կառուցվածքը՝ առավել շատ գումար ուղղելով սննդամթերքի ծախսերին: Առանձին ընտանիքներ էլ ճշգրտում են սպառման զամբյուղը՝ փոխարինելով բարձրարժեք ապրանքներն առավել էժաններով և զիջելով որակը: Բնակչության աղքատ խավը, չունենալով սպառվող ապրանքների փոխարինման այլընտրանքներ, պարզապես նվազեցնում է սպառումը: Կրճատելով առանց այն էլ նվազագույն սպառման պահանջներին չբավարարող զամբյուղը՝ շատերը թերսնվում են:
Գնաճը Հայաստանում բավական խորը պատճառներ ունի և չի կարող հասցեագրվել սոսկ դրամավարկային քաղաքականության գործիքների շրջանակներում: Այն պահանջում է առավել ընդգրկուն և համակարգված քաղաքականության ծրագրերի ներդրում` մի կողմից ուղղված ներքին արտադրության զարգացմանը, իսկ մյուս կողմից` սոցիալական երաշխիքների տրամադրմանը: Իրավիճակն առաջացնում է ներքին քաղաքականությունների արդյունավետության նկատմամբ առավել մեծ պահանջներ. ջանքերը պետք է լինեն խիստ հետևողական, համակարգված և ազնիվ:
Զեկույցը փաստում է, որ Հայաստանում գնաճային ճնշումները մեծապես պայմանավորվում են ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գործոններով. գնաճը կախված է առանձին ապրանքային շուկաներում առաջարկի պայմաններից, որոնք հաճախ ունեն արտաքին ազդեցություններ և առանձին դեպքերում` կարգավորման ազդեցություններ: Ուստի գնաճի զսպումը չպետք է լինի սոսկ ՀՀ ԿԲ գերխնդիրը:
Աշխատությունն առաջարկում է խուսափել գնաճի ներմուծման մեծ ազդեցությունից, որը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հիմնախնդիր է: Դրա հիմնական միջոցը տեղական արտադրության ընդլայնումն է: Վերջինս ևս կարող է պարունակել գների աճի ճնշումներ, սակայն արդեն կարճաժամկետ հատվածում արդարացված է և՛ սոցիալական և՛ տնտեսական հետևանքներով:
Զեկույցում կարևորվում են Հայաստանում գնաճի հիմնախնդրի հաղթահարմանն ու սոցիալական ազդեցության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումները.
- · Պարենային ապահովվածությունը
- · Ներմուծման կարգավորումը
- · Սպառողի իրավունքների պաշտպանությունը
- · Շուկաների կարգավորումը
- · Սոցիալական երաշխիքները և պետական աջակցությունը: