Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Նման պնդում, որ «Հանրապետություն» կուսակցությունը կսատարի Սերժ Սարգսյանին, չի եղել»

Հոկտեմբեր 09,2012 17:35

Երեկվանից առանձին լրատվամիջոցների մեկնաբանությունների տեղիք է տվել ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի հնչեցրած այն կարծիքը, որ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, կարելի է մտածել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Պարոն Աբրահամյանի այս թեական պնդումը առիթ դարձավ ընդհուպ մինչև մեղադրանքների, թե կուսակցությունը ժամանակին խոսում էր փողոց դուրս գալու մասին, այնինչ հիմա դարձել է Սերժ Սարգսյանի կողմնակիցը:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իր՝ երեկ հնչեցրած դիրքորոշումների մասին, մասնավորապես իբր Ս. Սարգսյանին պաշտպանելու մասին կարծիքին, Ս. Աբրահամյանը պարզաբանեց. «Անկեղծ ասած՝ ուզում եմ ավելի բարձր կանգնել և այդ ամենը մեկնաբանել ոչ թե որպես դիտավորություն, այլ ուղղակի թյուրըմբռնում: Այն ես վերագրում եմ իբրեւ ընդհանուր օրվա տրամաբանությունից դուրս, թեմայի համատեքստից առանձին բան վերցնել-մեկնաբանելուն»:

Հստակեցնելու համար պարոն Աբրահամյանը շեշտեց. «Մենք արդեն պաշտոնական հայտարարություն արել ենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ոչ մի ձևաչափով ոչ մի քաղաքական ուժի հետ մինչև դեկտեմբեր չի մտնելու գործարքների մեջ: Կուսակցության համագումարին քաղաքական իրավիճակը քննելուց հետո կորոշվի, թե սեփական թեկնածուո՞վ ենք գնում ընտրությունների, թե՞ սատարելու ենք որևէ մեկին, ընդ որում, միայն և միայն ընդդիմության դաշտում հանդես եկող թեկնածուի մասին է խոսքը: Չնայած իմ ցանկությունն է, որ սեփական թեկնածուով մտնենք ընտրապայքարի մեջ: Արդյոք մինչև այդ կարո՞ղ ենք համոզել Արամ Սարգսյանին՝ ժամանակը ցույց կտա: Ուստի ընտրությունների հետ կապված բոլոր կարգի խոսակցությունները՝ դեկտեմբերին»:

Կրկին շահարկումներին անդրադառնալով՝ հետաքրքրվեցինք, թե իրականում պարոն Աբրահամյանը նման պնդում արե՞լ է, որ «Հանրապետությունը» չի բացառում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի սեր Աստծո, նման բան չկա: Այդտեղ խոսակցություն չի գնացել կուսակցության վերաբերյալ: Եթեներով հարցրեցին, որ եթե դիլեմա լինի՝ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առաջադրվեն… Ես էլ պատասխանեցի, որ եթե Սերժ Սարգսյանն անձնապես իմ օգնության կարիքը զգա՝ Քոչարյանի դեմ կռվում, մտածելու բան է: Ընդամենը դա է, ոչ կուսակցության մասին է խոսք եղել, ոչ էլ քաղաքական դիրքորոշման: Ինչ շահարկում, ինչ բան, պարապ մարդիկ են»:

Պարոն Աբրահամյանը զրույցը եզրափակեց այսպես. «Նման պնդում, որ «Հանրապետություն» կուսակցությունը կսատարի Սերժ Սարգսյանին, չի եղել: Տեսագրությունը նայեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031