Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի պնդմամբ, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտելու ՀՀ նախագահի որոշումը իրավական առումով ճիշտ չէ: «Նախագահի հրամանագրով սահմանվել է պատիժ, որը դատարանի բացառիկ իրավասությունն է՝ թե Սահմանադրության, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տեսանկյունից: Այս առումով Հայաստանի նախագահը իր վրա է ստանձնել դատարանի գործառույթը: Դատապարտվածները պատիժը շարունակում էին կրել նախագահի հրամանագրի հիման վրա: Սա ամենամեծ իրավական խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Ռեւազյանը:
Ըստ նրա, Հայաստանում գնալով ավելանում է ցմահ ազատազրկման դատապարտվածների թիվը: Նրանցից 15- ը զինվորական հանցագործություններով են բանտերում. «18-20 տարեկան զինվորներ են: Հարց է առաջանում՝ ի՞նչ է բանակ ենք ուղարկել այդպիսի վտանգավոր հանցագործների, որ ցմահ դատապարտվել են»:
Նրա խոսքերով, դեռ չի եղել գոնե մի դեպք, երբ ցմահ ազատազրկվածներից ինչ-որ մեկը վաղաժամկետ ազատ արձակվի, չկան նաեւ նրանց գործերով վերանայման դեպքեր. «Հիշեցնեմ, որ Լոռիում Արմեն Պողոսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման անչափահաս աղջկան բռնաբարելու եւ սպանելու համար: 5 տարի անց իրական հանցագործը բացահայտվում է, Պողոսյանն ազատ է արձակվում: Ինչն է հետաքրքիր , որ հիմնական հիմքը ապացույցների եղել է նրա ինքնախոստովանությունը: Հարց է ծագում, այդ խոստովանությունն ինչպե՞ս է տվել: Համոզված եմ, որ ցմահ բանտարկյալների մեջ էլ կան Պողոսյանի նման այդպիսի դեպքեր»:
Կարդացեք նաև
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեջլումյանն էլ դժգոհեց, որ նախորդ տարի 6 ամսվա ընթացքում ցմահ դատապարտյալների հետ շփվելու, աշխատելու, զրուցելու համար 4-5 մերժում են ստացել՝ հիմնականում անվտանգության նկատառումներով են մերժվել. «Եթե չունեն թաքցնելու բան, կարելի է նաեւ դատապարտվածների հետ հանդիպումներ եւ զրույց կազմակերպել: Դատապարտվածները նույնիսկ նամակով հարցնում են, հնարավո՞ր է այնտեղ ասուլիս կազմակերպվի, նրանք պնդում են, որ լրագրողներին ասելիք ունեն»:
Զ. Մեջլումյանի խոսքերով, առաջիկայում ԵԱՀԿ-ի հետ համատեղ դատապարտյալների հարցերով ֆիլմ են նկարահանելու, նաեւ նախատեսել են Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնություն ներկայացնեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ