Այսօր Aravot.am –ը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանից ճշտեց, արդյոք ժամանակից շուտ հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր հեռանալու մասին դիմումը ներկայացրե՞լ է մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Հիշեցնենք, որ նրա լիազորությունները ավարտվում էին նոյեմբերի 12-ին, սակայն քաղաքապետը հրաժարականի դիմում ներկայացրեց երեկ: «Ոչ կարգը այդպես չէ, եթե գրում է, որ ինքը հրաժարվում է պաշտոնավարել, ապա ներկայացնում է ավագանուն, որը արձանագրություն է կազմում, այնուհետ այն ներկայացնում են կառավարության ղեկավարին: Իսկ կառավարության ղեկավարը 3 օրվա ընթացքում քննում է, հրաժարականը ընդունելիս՝ նոր միայն պաշտոնակատար է նշանակում», -պարզաբանեց փոխմարզպետը:
Քանի որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ ավագանու վերջին արձանագրությունը, իսկ ավագանին չի փայլել իր բաց, թափանցիկ աշխատանքով, ավագանու նիստերը այստեղ պետական գաղտնիքի նման մի բան են եղել` լրագրողների աչքից ու ականջից հեռու, մենք զանգահարեցինք մի քանի ավագանու անդամների` գոնե այդպես ճշտելու, թե հրաժարականի դիմում գրելիս ի՞նչ պատճառաբանություն է ներկայացրել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Ավագանու անդամներից մեկը` Իտալական պոլիկլինիկայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ադամյանն ասաց, որ ինքն այդ օրը ներկա չի եղել, շատ գործեր ուներ: «Բայց եթե մարդը հրաժարական է տալիս, ուրեմն պարտավոր ենք ընդունելու ու նրան ճանապարհելու», -ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամը, որն, ի դեպ, վերընտրվել է:
Կարդացեք նաև
Ավագանու վերընտրված մեկ այլ անդամ, գազի գրասենյակի ճարտարագետ ՀՀԿ-ական Արամայիս Բաղրամյանն էլ մեզ փոխանցեց, որ քաղաքապետի հրաժարականի դիմումում ոչ մի բացատրություն, պատճառաբանություն չի եղել, նա ընդամենը գրել է, որ հրաժարվում է պաշտոնավարել: Մեր այն հարցին` փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյա՞նն էլ է դիմում ներկայացրել ավագանուն, պարոն Բաղրամյանն ասաց, որ ինքը ստորագրել է միայն քաղաքապետի դիմումի կապակցությամբ կազմած արձանագրության տակ:
Հիշեցնենք, որ կիրակի` Գյումրու տոնակատարության ժամանակ, լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ եք ժամանակից շուտ հրաժարական ներկայացնում, Ձեզ ստիպո՞ւմ են, քաղաքապետը պատասխանել էր. «Էդ դուք` լրատվական կառույցներդ պիտի ասեք, դուք ինձանից լավ գիտեք»:
Նույն օրը, իր վերջին հաշվետվությունը ներկայացնելիս, Վարդան Ղուկասյանը նեղսրտել էր` ասելով. «Էսպես շատ մարդիկ կան, որոնք շատ են շտապում, մենք էս մի ամիսն է, 20 օրն է, արագ դիմում կգրենք, դուրս կգանք, և քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ, և մի քանի եկեղեցիներ կառուցող, ուրեմն չեմ ուզում ասել, թե ով ոնց ընտրվեց, ինչ եղավ»:
Երեկվանից քաղաքապետը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի նորակառույց շենքին, որի ճակատին, ի դեպ, որպես շենքը նախագծողի ու կառուցողի փորագրված է ոչ միայն շինարար Սամվել Տոնոյանի, այլ Վարդան Ղուկասյանի անունը:
Ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետի հետ մտերիմ կամ բարեկամական կապեր ունեցող որոշ բաժնի պետեր՝ եկամուտների բաժնի պետ Ցոլակ Չադրյանը, ընդհանուր բաժնի պետ Արմենուհի Բաղդասարյանը, Ֆինբաժնի պետը հրաժարականի դիմումներ ներկայացրել էին ավելի վաղ: Քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ, անխոս կան որոշակի բաժնի պետեր, որոնք կհարմարվեն ու կշարունակեն աշխատել Սամվել Բալասանյանի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ