Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորներ Արամ Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանն այսօր այցելել են ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ իրենք Տիգրան Առաքելյանի հետ խոսել են ԵԽԽՎ-ի վերջին նիստի մասին, որի ժամանակ ԵԽԽՎ-ն ընդունել է «քաղբանտարկյալ» տերմինի պաշտոնական սահմանումը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի սահմանմամբ՝ «քաղաքական բանտարկյալ է» համարվում այն անձը, որի ազատազրկումը կայացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի ոտնահարմամբ: Բացի դա, անձը «քաղբանտարկյալ» է, եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաև եթե նույն դեպքում պատիժը եղել է ոչ համաչափ:
«Ասեմ, որ միջազգային կառույցներն էլ են արդեն զբաղվում Տիգրանի գործով: Առաջիկայում լիբերալ կուսակցությունների որոշ միջազգային կառույցներ ևս հայտարարություններ կանեն Տիգրանի հետ կապված», – ասել է Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Վերջինս տեղեկացրել է, որ Տիգրան Առաքելյանն առողջ է և ողջունում էր իր բոլոր համախոհներին, պայքարի ընկերներին: