Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկստանի հայ համայնքը ծերացման վտանգի տակ է եւ ռուսերեն է խոսում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2012 16:33

Ինչպես հաղորդել էինք, այսօր Մամուլի ազգային ակումբում հանդիպեցին Սփյուռքի մի շարք հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ասաց, որ ամսագիրը լույս է տեսնում Պրահայում. «Չեխիան ամենաազատ մամուլ ունեցող երկրներից է, իսկ ղեկավարությունը գործում է մամուլի անաչառ հսկողության ներքո: Թերթերը քննարկում են ցանկացած հարց՝ սեքսի չլուսաբանված կողմերից մինչ միջազգային քաղաքականություն: Իսկ Հայկական Հարցի շուրջ ակտիվություն է նկատվում ապրիլի 24-ից առաջ եւ հետո: Չեխիան անգամ թարգմանում է ցեղասպանության մասին ֆրանսիական ֆիլմերը եւ ցուցադրում»:

Ասատրյանը հավելեց, որ «Օրերը» անկախ ամսագիր է եւ տարածվում է եվրոպական մի շարք հայկական համայնքներում. «Սփյուռքահայերի խնդիրները լուսաբանելուց բացի, անդրադառնում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Ֆինանսական խնդիրներ կան թերթի տարածման գործում, քանի որ փոստային ծառայությունները թանկ են: Ներկայիս գլխավոր խնդիրը մեր ինտերնետային կայքի զարգացումն է»:

«Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովի կարծիքով՝ Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողների գլխավոր խնդիրը պետք է լինի օտարալեզու մամուլում ցեղասպանության մասին բարձրաձայնելը, քանի որ միջազգային մամուլը կիսում է խնդրի շուրջ հայկական կողմի տեսակետը: Խոսելով Ուզբեկստանի ամսագրից՝ Սահակովն ասաց. «Այն լուսաբանում է հայ համայնքի գործունեությունը, ընթերցողին ծանոթացնում հայերի պատմության եւ Ուզբեկստանի նշանավոր հայերի գործունեության հետ: Հայ համայնքը ծերացման վտանգի տակ է եւ հանգամանքներից ելնելով՝ ռուսերեն է խոսում: Մեզ չեն ճնշում, քանի որ լուսաբանում ենք մեզ առնչվող իրադարձությունները եւ կապ պահպանում Սփյուռքի հետ»:

«Արմենիա Պրես» լրատվական կայքի պատասխանատու Արթուր Ղուկասյանը նշեց, որ լրագրողների նախորդ երկու համաժողովի արդյունքում բազմաթիվ տեղեկություններ են ստացել ԼՂՀ խնդրի շուրջ պետական պաշտոնյաների տեսակետների մասին: «Կարեւոր է , որ համաժողովի արդյունքները կարողանանք կյանքի կոչել նաեւ Սփյուռքի հայկական համայնքներում, ինչպես նաեւ՝ բարձրացնել հատուցման խնդիրը: Ցեղասպանության մասին կան ձեռնարկներ, որոնք, կարելի է ասել՝ սպառել են իրենց, մինչդեռ ներկայիս տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս առավել մեծ լսարաններին տեղյակ պահել խնդրի մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031