Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ, նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը (Տոտո) հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի եւ Հայ գրատպության 500-ամյակի համատեքստում հանդես կգա անհատական ցուցահանդեսով, որը կրում է «Հայկական տառերի կերպարը» խորագիրը:
Նկարիչն ասում է, որ ցուցահանդեսի վրա շատ է չարչարվել, ու միայնակ է իրականացրել գաղափարը: Հավելում է, որ այն զուտ ՙգալոչկայի՚ համար չէ. ՙՑանկացած փառատոն, տոն, հրավառություն, որ լինում է, դու պիտի համապատասխան վերաբերմունք ունենաս: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն տարի մի քաղաք Գրքի մայրաքաղաք է հայտարարում, այս տարի Երեւանն է դարձել: Հիմա պիտի հասկանանք, թե ինչո՞ւ հենց Երեւանը: Պիտի առիթից օգտվենք, որ մեր գիրն ու գրականությունը ճանաչելի դառնան, մանավանդ գրատպության 500-ամյա ավանդույթ ունենք՚:
Մեր զրուցակիցը կարեւորում է հատկապես Վռամշապուհ արքայի կերպարը՝ որպես մտածող ու պետական գործիչ. ՙՆա ազգը փրկեց… Ամեն տեղ դու կարող ես փող տալ, բայց ինքը (Վռամշապուհ արքան) նպատակային է տվել: Հայտնի չէ, թե քանի ոսկի է ծախսվել, բայց որ արդյունքն անհամեմատ մեծ է եղել եւ համազգային նշանակություն է ունեցել, փաստ է: Թե չէ՝ սալյուտ-մալյուտն ու տրաքոցը լրիվ ուրիշ բան են: Տվյալ պարագայում Մեսրոպ Մաշտոցն էր իր ժամանակաշրջանի լավագույն գիտնականը, ու նրան տրվեց հայոց այբուբեն ստեղծելու հանձնարարությունը՚:
Կարդացեք նաև
Սուքիաս Թորոսյանը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել
Թարգմանչաց տոնը Օշականի սահմաններից դուրս բերելու ու համաժողովրդական դարձնելու համար. ուրիշ ժողովուրդներ լինեին, գլուխ կգովեին, որ շատ գործերի բնագրեր չեն պահպանվել, իսկ Հայաստանում եղած թարգմանություններն այսօր բնագրային արժեք ունեն:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ