Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Քոչունյան. Հայկական հարցը Թուրքիայում դադարել է տաբու լինել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2012 15:48

Այսօր Մամուլի ազգային ակումբում Սփյուռքի առաջատար լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ խոսեցին վերջերս ավարտված Լրագրողների 6-րդ համաժողովից եւ Սփյուռքի մամուլի խնդիրներից:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանն ասաց, որ մասնակցել է նախորդ  բոլոր համաժողովներին. «Հայաստանի մասին պատկերացումները համաժողովների միջոցով չէ, որ կազմում ենք, բայց դրանք հնարավորություն տվեցին համախմբվել եւ խնդիրներ քննարկել: Աշխատանքները մեծ էին, սակայն ի տարբերություն նախորդ համաժողովի՝ այս անգամ ուշագրավ բացականեր կային, մինչդեռ ներկա էին սփյուռքի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նախորդ համաժողովի ընթացքում Արցախի ղեկավարության կողմից առանձնահատուկ վերաբերմունքի արժանացանք, անգամ մեկնեցինք գյուղեր եւ այցելեցինք զորամաս: 6-րդ համաժողովում Հայաստանի ղեկավարության կողմից նույնպես ցույց տրվեց  մեծ պատրաստակամություն:  Սփյուռքում կարծիք կա, թե Հայաստանի ղեկավարությունն անտարբեր է մեր հանդեպ, բայց հակառակն ապացուցվեց»:

Խոսելով թերթից՝  Քոչունյանն ասաց, որ հակառակ քաղաքական պայմաններին՝ «Ժամանակը»  շարունակում է լույս տեսնել Թուրքիայում. «Խոսքի ազատության առումով կան որոշակի կաղապարներ, բայց եվրաինտեգրման ճանապարհին Թուրքիայի կատարած բարեփոխումները դրական են անդրադառնում մեզ վրա: Հայկական հարցը Թուրքիայում դադարել է տաբու լինել. որոշ անհատներ բարձրաձայնում են այդ մասին, բայց Թուրքիան գիտակցում է , որ հարցը կարող է փաստացի քննել հենց Հայաստանի հետ»:

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Քոչունյանը հավելեց, որ դրանք հազիվ երկրի բնակչության մեկ տոկոսն են կազմում. «Միեւնույն ժամանակ՝ փոքրամասնությունների, այսպես կոչված, որակական ներկայությունը բյուրեղացել է եւ թույլ է տալիս հստակ դիրքորոշումներ հայտնել»:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը փաստեց, որ Լիբանանը  միակ արաբական երկիրն է, որը ճանաչել է Ցեղասպանությունը. «Այդ առումով Անկարան դժվարանում է Լիբանանում ժխտողական քայլեր ձեռնարկել: Խնդիրը Ղարաբաղյան հարցում է, քանի որ թուրք-ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն  է տարածում: Սիրիացիները հասկանում են, որ երկրի մերձեցումը  Թուրքիայի հետ սուտ է: Ճիշտ է, Թուրքիան ապաստան է  տալիս Սիրիայի  փախստականներին,  բայց հասկանում է, որ քրդական գործոնը մեծ վտանգ է ներկայացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031