Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը քննվեց առանց նրա

Հոկտեմբեր 09,2012 15:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ այսօր քննության է դրված ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի բողոքը:

Մինչ այդ  Վահագն Մանուկյանը հայտնեց, որ դատարանին խնդրել էր ապահովել Մհեր Ենոքյանի ներկայությունը: Դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտնեց, որ ծանուցել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջոցով, սակայն չեն ներկայացրել Մհեր Ենոքյանին:

Այնուամենայնիվ, Վահագն Մանուկյանը ներկայացրեց իրենց դիմում-բողոքը, որից հետո դարձյալ պնդեց Մհերի ներկայության անհրաժեշտության մասին: Փաստաբանը հայտնեց, որ 1996թ. Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով հարուցվել է քրեական գործ եւ որ մեղադրանք է առաջադրվել Արամ Հարությունյանին եւ Մհեր Ենոքյանին: Հայաստանի Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի է դատապարտվել Մհեր Ենոքյանը, իսկ Արամ Հարությունյանը՝ 15 տարվա ազատազրկման: Այս տարվա օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը մերժել է վերանայել կայացված դատական ակտը, որը կրկին բողոքարկվել է գլխավոր դատախազություն եւ օգոստոսի 18-ին այն կրկին մերժվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի կողմից:

Վ. Մանուկյանը ուշադրություն հրավիրեց քրեական գործի հիմքում դրված Մհեր Ենոքյանի մեղայականով ներկայանալու եւ Արամ Հարությունյանի կողմից իրեղեն ապացույցներ ներկայացնելու մասով կազմված փաստաթղթերին: Փաստաբանը հայտնեց, որ ընթերակա գոյություն չի ունեցել, մի ընթերակա՝ Հովհաննես Հովակիմյանը հերքել է իր մասնակցությունը իրեղեն ապացույցների մասով, իսկ հաջորդ ընթերական՝ Աստրա Յոհանսոնը, ըստ փաստաբանի,  գոյություն չունի, 1995-ից Հայաստանում չի բնակվել, հետեւաբար նա չէր կարող մասնակցել 1996թ. կատարված սպանության գործով քննչական գործողություններին:

Վ. Մանուկյանը անդրադարձավ նաեւ Արամ Հարությունյանի հարազատների կողմից Աղաջանովի դիակը թաքցնելուն, Արամ Հարությունյանի քրոջ՝ Արմինե Հարությունյանի հանրապետությունից ընդհանրապես բացակայելու եւ ցուցմունքներ չտալու հանգամանքին: Նա ասաց, որ Արմինե Հարությունյանը հավասարապես տեսել է Իոսիֆի հետ Արամի եւ Մհերի վեճը, քաշքշոցը, որտեղ Մհերը բաժանել է, իսկ եղբայրը՝ սպանել նրան: Նա գտնում էր, որ գործը պետք է վերանայվի, հարցաքննվեն նորից Արամ Հարությունյանը, Մհեր Ենոքյանը, Արմինե Հարությունյանը, քննիչները, փորձագետները:

Գործում առկա էր, որ Մհեր Ենոքյանը  հայտնել է, որ քննիչ Ղալումյանը բռնություն է կիրառել իր նկատմամբ եւ ցուցմունքներ կորզել, հետեւաբար, ըստ դիմող կողմի, խոշտանգումների հիման վրա ձեռք բերված ապացույցներով կայացված դատական ակտը պետք է վերանայվի եւ սրանք այն նոր հանգամանքներն էին, որոնք որպես նոր երեւան եկած հանգամանք, հաշվի չի առել դատախազությունը:

Փաստաբանը հարցրեց՝ եթե Մհեր Ենոքյանը իր մեղքը չի ընդունել, ապա ինչպե՞ս կարող էր մեղայականով ներկայանալ Նոր Նորքի բաժին կամ ով է Աստրա Յոհանսոնը. «Կարո՞ղ ենք ասել, որ մենք գործ ունենք թաքնված հանգամանքների հետ եւ ոչ թե նոր երեւան եկած հանգամանքների»:

Վահագն Մանուկյանը գտնում էր, որ 16 տարի հետո անհրաժեշտ է նոր վարույթ հարուցել եւ անթույլատրելի ճանապարհով ձեռք բերված ապացույցները պետք է հերքվեն: «Միջոցներ ձեռնարկեք, որ Մհեր Ենոքյանն էլ մասնակցի այս քննությանը, դարդի տերը նա է, լսեք մարդուն, նայեք նրան՝ ճի՞շտ է ասում, հիմնավո՞ր է»,- հորդորեց նա:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Արթուր Դավթյանը առարկեց, հայտնելով, որ գործի տվյալներից չի բխում բողոքը եւ որ փաստաբանն իր վարքագծով թյուր կարծիք ստեղծեց: Նա ակնարկեց, որ «ամեն մի ցանկացած բողոք վերանայելու դեպքում նորից պիտի հետաքննությո՞ւն արվի, չեմ պատկերացնում»:

Անդրադարձավ նաեւ սպանության շարժառիթին, ասելով, որ Մհերից ստացվել են մի քանի դիմումներ, ամեն անգամ շեշտվում է տարբեր շարժառիթներ, մասնավորապես՝ Արամի քրոջը տուժողի կողմից տգեղ համարելու, սեռական կողմնորոշման, կրոնական, 20.000 դոլար շահադիտական… Նա մերժեց գործը կրկին  անգամ վերանայելու անհրաժեշտությունը:

Ի դեպ, Արամ Հարությունյանի պատժաչափն ավարտվել է եւ նա ազատության մեջ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031