Այսօր ականավոր լեզվաբան, վաստակավոր դասախոս, գրող, հրապարակախոս Դեյվիդ Քրիստալը այցելեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:
ԵՊԼՀ նիստերի դահլիճում ուսանողները ներկայացրեցին Դեյվիդ Քրիստալի «Շարունակելով ապրել» ստեղծագործությունը:
Լեզվաբանական համալսարանի հաղորդակցման ամբիոնի անգլերենի դասախոս, բեմադրող Անի Մարտիրոսյանի խոսքով՝ բեմադրությունը նվիրված է լեզուների առաջմղման կարեւորությանն ու պաշտպանությանը:
Aravot.am-ի հետ զրույցում դասախոսը նշեց, որ շատ ուրախ է, որովհետեւ 6 տարի է՝ կարդացել եւ ուսումնասիրել է գրողի ստեղծագործությունները:
«Մեծ պատիվ է, որ գրողը Հայաստանում է, ուսանողները հասցրել են ներկա լինել նրա դասախոսություններին , նրանց աչքերի փայլից զգացվեց, որ հիացած ու տպավորված էին: Հուզված ենք, քանի որ բեմադրել ենք նրա լավագույն պիեսներից մեկը ու ցուցադրելու ենք հենց իր ներկայությամբ: Պիեսում կարևորվում են բոլոր լեզուները, ոչ միայն անգլերենը: Գլոբալ անգլերենի ֆոնի տակ չպետք է մոռանալ մյուս լեզուների մասին»:
Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի խոսքով՝ Դեյվիդ Քրիստալի նման գիտնականի այցը մեծ պատիվ է. «Ես բոլորին ասում եմ, որ տեսեք, զգացեք, Դեյվիդը կենդանի Բրյուսովի համալսարանում է: Նման մեծ պատիվ համալսարանում շատ հազվադեպ է լինում: Հայաստանի մասին էլ գրողը շատ լավ տպավորություն ունի, գոհ է, անգամ դուր է եկել մեր բոլորի անգլերենը: Շատ եմ կարեւորում նմանատիպ այցելությունները, եւ ուսանողությունը, եւ դասախոսական անձնակազմը լիցքավորվում ու ոգեւորվում է եւ իր ապագան կարողանում է ճիշտ կարեւորել: Հնարավորությունների սահմանում կկազմակերպենք ու շարունակական բնույթ կտանք այս նախագծերին»,- Aravot.am-ին ասաց ռեկտորը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ