Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստում ցուցմունք տվեց Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությամբ որպես վկա դատակոչված Սմբատ Սարգսյանը: Վկան ցուցմունք տալիս խոսում էր ցածր, վախվորած ձայնով, ինչի պատճառով դատավոր Ս.Մարդանյանի կողմից դիտողության արժանացավ:
«Ղոզլու» հենակետի հարեւան` «Լույս» հենակետում ծառայած Սմբատ Սարգսյանը շատ հարցերի պատասխանելիս ասում էր, որ չի հիշում: Նա ասաց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը 4 օր ռազմական ոստիկանությունում կալանքի տակ է գտնվել, որտեղ 3 անգամ հարցաքննվել է; Մեղադրող Հարություն Հարությունյանը վկային ասաց, որ նա սովորաբար ասում է, թե չի հիշում, իսկ պաշտպան Գեւորգյանի հարցերին պատասխանելիս հիշում է, եւ վկային հարցրեց, թե արդյոք նա մինչ նիստը հանդիպե՞լ է Գեւորգյանին: Նա նաեւ վկային նախազգուշացրեց, որ նա սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի:
Սա հունից հանեց դահլիճում գտնվող Արտակ Նազարյանի մորը` Հասմիկ Հովհաննիսյանին, ով դատախազին ասաց.
– Մատդ թափ մի տուր,հանցագործ, հանցագործությունները պարտակելու համար մեդալ ես ստացել:
Կարդացեք նաև
Մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությամբ ընդմիջումից հետո կհրապարակվեն վկա Սարգսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան: Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ վկայի նախաքննական ցուցմունքները պետք է համարվեն անթույլատրելի ապացույց, քանի որ վկան ռազմական ոստիկանությունում գտնվել է անօրինական կալանքի տակ, նույն խցում գտնվել է այլ վկաների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ