Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտում որպես հայկական կողմի պահանջատիրություն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2012 14:46

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից եւ Հայաստան-Սփյուռք կապերից:

Դիտարկելով Ցեղասպանությանն առնչվող ընդհանուր եւ մասնավոր մոտեցումները՝ Սասունյանն ասաց, որ թեեւ ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը նորմալ է ընթանում, սակայն առանձնակի նվաճումներ կամ ձախողումներ չի գրանցել. «Հայաստանի կառավարությունն անկախացումից հետո իր գործը սկսել է զրոյից՝ աստիճանաբար բարելավելով աշխատանքներն ու աշխատակազմը: Բայց բողոքս այն է, որ փոքր եւ ոչ հզոր պետություն լինելով՝ Հայաստանն արդյունավետ չի օգտագործում իր կարողությունները: Որոշ դեպքերում պարզապես պետք է խիզախություն դրսեւորել՝ առանց ծայրահեղությունների, որովհետեւ դրանք կարող են վտանգների առաջ կանգնեցնել: Ժամանակ առ ժամանակ կարելի է քաջ գտնվել եւ ազգային հարցերից ելնելով՝ օգտվել եղած իրավիճակից»:

Սասունյանի խոսքով՝ Ցեղասպանության հարցում միշտ խոսում ենք միջազգային ճանաչումից եւ ինչ որ տեղ կարծրացնում գործընթացը. «Չմոռանանք, որ Ցեղասպանությունը վերջին քսան տարվա ընթացքում ճանաչվել է մի շարք պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ պատմաբանների կողմից: Այլեւս կարիք չկա ճանաչման քաղաքականություն վարել, քանզի դա կարող է անգամ վնասել մեզ. թուրքերն ուրախանում են եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտում որպես հայկական կողմի պահանջատիրություն»:

«Կալիֆորնիա Կուրիերի» խմբագիրը կարծում է, որ Թուրքիային հնարավոր չէ ստիպել ճանաչել ոճիրը. «Ամոթ իրենց, որ այսքան տարի կեղծում են փաստերը, բայց մեր խնդիրը պետք է լինի արդարություն պահանջելը. ճիշտ է, դա լայն հասկացություն է, բայց ներառում է ճանաչումը, հատուցումը եւ հակաճառման ենթակա չէ: Էրդողանը չի կարող ասել, որ դեմ է արդարության հաստատմանը, քանի որ ծիծաղելի իրավիճակում կհայտնվի: Իսկ մենք պետք է հասկանանք, որ արդարության պահանջի մեջ նաեւ հողային հատուցումն է մտնում, ինչին առավելապես կարող է հետամուտ լինել սփյուռքը, անգամ՝ դիմել ագրեսիվ պահանջների: Դժբախտաբար, սպանվածներին չենք կարող ետ բերել, բայց Թուրքիան պետք է վերադարձնի 2500-ից ավելի եկեղեցի, ինչպես նաեւ՝ կալվածքները, հողերը, բանկային հաշիվները»:

Խոսելով Հայաստան-Սփյուռք կապից՝ Սասունյանն ասաց, որ այն գերազանց վիճակում չէ. «Շատ բան կարելի է բարելավել: Հայաստանի կողմից Սփյուռքի հետ ամուր կապեր հաստատելու միտում չի դիտվում: Սփյուռքը մեկ միավոր չէ, այլ բազմաթիվ հայկական համայնքների ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրի հետ պետք է համապատասխան հարաբերություններ հաստատել: Անհրաժեշտ է կազմակերպել սփյուռքի ներկայացուցչական մարմին, ասենք՝ գրեթե 350 համայնքի ներկայացուցիչ-պատգամավորներից բաղկացած պառլամենտ, որը համակարգված աշխատանք կտանի Հայաստանի եւ Արցախի հետ: Նման կառույց ստեղծելը դժվար է, բայց անկազմակերպ միջավայրում աշխատանքներն արդյունավետ չեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Սասունյանը մեծ հայ է, եվ միանգամայն իմաստավորված ու ազգաշահ հարցադրումներ է անում;Պիտի սատար լինել;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031