ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ, Օսկանյանի դեմ սկսված գործընթացը նախագահական ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն չի թողնելու: «Եվս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձեւավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, ու գլուխներս կախ կանգնելու ենք միջազգային իրավունքի տարրական սկզբունքները խախտելու առաջ»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Մինասյանը:
Նա Օսկանյանի դեմ սկսված գործը չի դիտարկում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հարթակում. «Սա ուղղված է անձի դեմ, մնացածը, թե ինչ հաշվարկներ ունեն քաղաքական ուժերը, եկեք բաժակ չնայենք: Կտեսնենք՝ արդյոք ՀՀԿ-ն ԲՀԿ-ն քաղեցի՞ն իրենց օգուտը, թե՞ ոչ»:
Պարոն Մինասյանը չմեկնաբանեց Վ. Օսկանյանի երեկվա հայտարարությունը նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի սեփական թեկնածուով հանդես գալու մասին. «ԲՀԿ-ի կեցվածքը գնահատում եմ դրական, որովհետեւ փորձում է պաշտպանել իր ֆրակցիայի անդամին, բայց դրանից մեծ հետեւություններ չեմ ուզում անել»:
Նա նաեւ բացատրեց, թե ինչու է ոչ թե ԲՀԿ-ի դեմ ուղղված, այլ Օսկանյանի. «Երկու պատճառով, որովհետեւ Օսկանյանն իսկապես կարող է հիմնավոր քննադատություն հնչեցնել կառավարության հասցեին, գործող իշխանության թերությունները բացահայտել: Նա 10 տարվա արտգործնախարար է եղել, որն ունի հեղինակություն, լուրջ կապեր: Սա իրական գործիք է անձի հեղինակության բարձրացման վրա: Հարվածելով Օսկանյանին, հիմքեր են ստեղծվում, որ ցանկացած մեկը կարող է ենթարկվել նման գործողության: Իշխանությունը ե՞րբ է հաշվարկով գործել, որ հիմա գործի»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ նախագահական ընտրությունների վրա Օսկանյանի գործը ազդեցություն չթողնելու մասով կիսեց Մինասյանի տեսակետը. «Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, հարցն ավելի քաղաքականացվում է, որովհետեւ այս պարագայում այն հարցադրումները, որոնք իրենց լուծումները չունեն, հեշտ է ծածկադմփոց անել ու ծածկել: Ինչ վերաբերում է Օսկանյանի հայտարարությանը, իր որոշելիքն է, իր կուսակցության որոշելիքն է: Ցանկացած անձ, ինչ էլ որոշի, հարգանքով պետք է վերաբերվենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ