Եթե ֆինանսական կազմակերպության հետ կա խնդիր, արդյոք ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է հրապարակի այդ խնդիրն ու ֆինկազմակերպության անունը, միանշանակ` ոչ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ Նոր Զելանդիայի եւ Կանադայի ֆինանսական ոլորտի օմբուդսմենները «Մարրիոթ» հյուրանոցում ընթացող կոնֆերանսի ժամանակ:
Իսկ թե ինչո՞ւ, այսպես ասած` «Naming & Sharing», գաղափարը պետք չէ ներդնել Հայաստանում, ինչո՞ւ չպետք է բացահայտել խախտում կատարած կամ սպառողի հետ որեւէ խնդիր ունեցող ֆինկազմակերպության անունը, մեզ հետ զրույցում Փիրուզ Սարգսյանն այսպես մեկնաբանեց. «Մենք պետք է կարողանանք աշխատել գործընկերային հարաբերություններում, եթե մենք սկսենք հրապարակել, մենք լուրջ խնդիրներ կունենանք, այդ թվում նաեւ գործարար համբավի հետ կապված: Բայց կան երկրներ, որ քննարկում են այդ գաղափարը, կան նաեւ, որ ներդրել են, օրինակ` Մեծ Բրիտանիան փորձում է ներդնել: Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել երկրի առանձնահատկությունները եւ գրասենյակի զարգացվածության մակարդակը, ֆինկազմակերպությունների հետ փոխհարաբերությունները եւ այլն: Մեզ մոտ դեռ վաղ է ներդնելը: Ես կիրառում եմ քաղցրավենիքի գործիքը, տարեվերջում հրապարակում եմ լավագույն համագործակցող կազմակերպությունների անունները, դա ոգեւորում է կազմակերպություններին»:
Մեր այն հարցին էլ արդյոք կարիք չկա փոքր ու միջին բիզնեսին էլ ներառել ֆինանսական հաշտատարի գործառույթների մեջ, քանի որ հաճախ այս ոլորտի ներկայացուցիչներն էլ վարկային խնդիրներ են ունենում բանկերի հետ, տիկին Սարգսյանն ասաց, որ միջին բիզնեսին` ոչ, սակայն առայժմ քննարկվում է փոքր բիզնեսին ներառելու ուղղությամբ. «Մենք դեռ պետք է կարողանանաք հստակ սահմանում տալ, թե ինչ նկատի ունենք փոքր բիզնես ասելով, այդ սահմանման մեջ միգուցե աշխատակիցների քանակ մտնի, շրջանառություն, չգիտեմ, մենք անգամ որեւէ հստակ բնորոշում չունենք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում փոքր բիզնեսի հետ կապված հարցերը եւ ամենակարեւորը` արդյոք հաշտատարի գրասենյակը իրավասու պետք է լինի քննելու այն պահանջները, որոնք կապված պետք է լինեն բիզնեսի հետ: Կան երկրներ, որոնք արդեն ներդրել են այդ մոդելը, եւ շատ արդյունավետ աշխատում է»:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Ըստ ֆինանսական հաշտարարի, գրասենյակ դիմած բողոքներից 70%-ը վերաբերում են ապահովագրական ընկերություններին, 20%-ից ավելին` բանկերին, իսկ մնացածը՝ այլ ֆինկազմակերպություններին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ