Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: Ժյուրիի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց «Compass band»-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց «Հ1»-ի կողմից՝ 19:00-ին, այն դեպքում, երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլի արդյունքում թույլ տրված սխալները ներկայացրեց «Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական հ/կ-ի նախագահ Միքայել Մարգարյանը:
«Այս անգամ խախտումները սկսվեցին հայտերն ուսումնասիրելու պահից, փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ադմինիստրատիվ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականությունը եւ լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում: Արդյունքում՝ նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ: Բողոքների ու հետեւողական պայքարի արդյունքում մի քանիսը ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում»,-նշեց Մարգարյանը, անդրադառնալով մրցույթի՝ նախապես հայտարարված 19: 30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ եթերով հեռարձակվելուն:
Մարգարյանի տեղեկացմամբ՝ «Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված, փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե: 30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է՝ 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով: Բայց, ըստ եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորները, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն»,-նշեց Մարգարյանը՝ ներկայացնելով հերթական խախտումը, ինչն էլ, ըստ նրա, հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանությունն է: Բայց գոյություն ունի եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ Միքայել Վարոսյանը, ըստ Մարգարյանի, 9 տարեկան է. «Ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է: «Հ1»-ը կոծկել է այդ ամենը: Այս պահին «Հ1»-ը հայտարարել է իր վերջին խոսքը, որով կատարել է իր հերթական սխալը: Հայտարարել, որ խումբը ի սկզբանե բաղկացած է եղել 4 հոգուց, այն դեպքում, երբ խումբը մինչև «Եվրատեսիլը» չի ունեցել ոչ մի հրատարակած երգ, տեսահոլովակ եւ առհասարակ ոչ մի գործունեություն, ավելին՝ համացանցում զետեղված բոլոր լուսանկարներում, տեսահոլովակում, հարցազրույցների ժամանակ, փորձերին եւ ի վերջո վիճակահանության ժամանակ, երբ արգելվել էր շոուի մասնակիցներին ներկա գտնվելը, «Compass band»-ը ներկայացավ 5 հոգանոց կազմով: Իսկ երեխային, ով խմբի հաղթանակի գրավականն էր, անվանել ընդամենը շոու, համարում ենք առնվազն անբարոյականություն: Թերեւս այս անգամ էլ պետության շահերը ընդունենք «գերակա», եւ Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով՝ չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության»,-հավելեց Մարգարյանը:
Կարդացեք նաև
Այժմ Մ. Մարգարյանը պահանջում է չեղյալ համարել ընտրության արդյունքները, կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ: Քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները, պատժել «Հ1»-ի ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:
Մարգարյանի փոխանցմամբ՝ ինքը փորձել է հանդիպել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն վերջինի փոխարեն իր հետ կապվել է «Հ1»-ի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանն ու ասել՝ «այո, մենք ճշտել ենք, այդ փոքրիկի փաստաթղթերը կեղծ է ներկայացվել», իսկ այդ փաստն, ըստ Մարգարյանի, քրեորեն պատժելի արարք է:
Բանախոսի տեղեկացմամբ՝ արդեն նամակներ է ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, մշակույթի նախարարին եւ այլն:
Իսկ թե ով կլուծի հարցը, ըստ Մարգարյանի՝ «Ալեքսան Հարությունյանի վրա հույսեր չկա, քանի որ նա կործանված մարդ է, հույս ունենք, որ նախագահը կլուծի, եւ ի վերջո կհաղթի արդարությունը, քանի որ «Հ1»-ի խախտումները շարունակական են, սկսած 2009 թվականից, երբ մրցույթին մասնակցում էր Լուարա Հայրապետյանը, ապա 2010-ին՝ Վլադիմիր Արզումանյանը, ինչպես նաեւ 2011-ին, երբ մասնակցում էր Դալիթան»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ