Օրերս «Առավոտը» «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցու անդամ Անուշ Քոչարյանից նամակ ստացավ, որում նշվում էր. «Օգտվելով այն հանգամանքից, որ «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցի կազմակերպության հոգեւոր հովիվ Հրաչյա Խաչատրյանը բնակվում է Իսպանիայում, «ՄԵԼ» միացյալ երիտասարդական լիգա երիտասարդական շարժման ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, անհատական անձի պատվերով, որը կրում է զուտ անձնական վրեժխնդրության նպատակներ, Հրաչյա Խաչատրյանի անունից զրպարտիչ նյութեր է տարածել երկրի ղեկավարների մասին: Ճիշտ է՝ իմ ենթադրությամբ՝ ղեկավարներին վարկաբեկելու նպատակ գուցե չի եղել, այլ էժանագին փորձ է կատարվել երկրի ղեկավարությանը եւ հասարակությանը տրամադրել «Խորանի» դեմ: Նրա խոսքով, Հրաչյա Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, իսկ իրենց եկեղեցու ծառայության մի մաս է կազմում նաև Աստվածաշնչի տրամադրումը մարդկանց: Հիշեցնենք, որ Aravot.am-ի հրապարակումներից մեկում ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանն ասել էր, թե իր աղբյուրների համաձայն՝ Հ. Խաչատրյանը հունիսի 17-ին ձերբակալվել է Մադրիդի օդանավակայանում եւ բաց թողնվել կաշառքի դիմաց: Ի պատասխան՝ Անուշ Քոչարյանը ներկայացրեց Հրաչյա Խաչատրյանի տոմսի պատճենը, ըստ որի՝ նա մայիսիս 24-ին մուտք է գործել Հայաստան, հունիսի 19-ին վերադարձել՝ Երեւան-Փարիզ-Վալենսիա չվերթով:
Ինչ վերաբերում է Ս. Հովհաննիսյանի կողմից ներկայացված այն նամակներին, որոնցում Հ. Խաչատրյանը սպառնում էր նրան, տիկին Քոչարյանն ասաց. «Դժվար չէ էլեկտրոնային հասցեն կրկնօրինակել եւ հետո նամակ ուղարկել ու ասել, թե դա Հրաչյա Խաչատրյանն է ուղարկել: «Խորանի» էլեկտրոնային հասցեն այլ է….»:
Նա հերքեց նաեւ այն մեղադրանքները, թե «Խորանի» հովիվը եւ նրա կինը՝ Գայանե Խաչատրյանը, զբաղվում են հոգեորսությամբ:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ