Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Շահվերդյան. «Նման բան լինել չի կարող»

Հոկտեմբեր 09,2012 13:48

Բեմադրիչ Վահե Շահվերդյանը չի ցանկանում, որ «Թատերական Լոռին» իր անվան հետ կապվի

Նախօրեին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ ավանդական «Թատերական Լոռի» փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրված էր սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հիշատակին:

«Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979թ., իբրեւ ոչ պրոֆեսիոնալ թատերախմբերի ստուգատես: 2006-ից էլ փառատոնին մասնակցում են Հայաստանի եւ արտերկրի պրոֆեսիոնալ թատրոններ:

«Թատերական Լոռի» փառատոնին այս տարի մասնակցել է Հայաստանը, Վրաստանը, Արցախն ու Բելառուսը ներկայացնող 22 թատերախումբ, խաղացվել է 28 ներկայացում, ընտրվել են հաղթողներ՝ 14 անվանակարգերում: Փառատոնի մրցութային հիմնական ծրագիրն անցկացվել է Ալավերդի քաղաքում, սակայն մասնակից թատերախմբերը ներկայացումներով հանդես են եկել Վանաձորում եւ Սպիտակում:

«Առավոտը» կապվեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հետ: Հետաքրքրությանը, թե ինչպես պատահեց, որ երկու գլխավոր մրցանակը՝ «Լավագույն բեմադրություն» եւ «Լավագույն ռեժիսոր», շնորհվեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին եւ մրցանակների արժանացան 8 դերակատարներ, այդ թվում՝ 4-ը Մայր թատրոնից, մեկը՝ Վանաձորի եւ 3-ը՝ Ղարաբաղի: Պարոն Շահվերդյանը հավելեց, որ թյուր կարծիք է ձեւավորված՝ իբր փառատոնը ինքն է հիմնել, մինչդեռ հիմնադիրը Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական թատրոնի ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանն է: «Այս միջոցառմանը ես մասնակցություն եմ ունեցել 2010 թվականից: Ինչ վերաբերում է որոշ անվանակարգերում այս կամ այն առիթով անունս հոլովելուն, ապա ժյուրին գլխավորում էր ճանաչված թատերագետ Հայկազ Երանոսյանը եւ միամիտ է մտածել, թե մրցանակների հարցում ես դերակատարություն եմ ունենում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հավելեց նաեւ, թե փառատոնը իր գոյության ընթացքում նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի, այսօր էլ Լոռու մարզպետի ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է արտերկրյա թատրոնների հետ մշակութային կապեր հաստատելուն, պարոն Շահվերդյանը հայտնեց, որ փառատոնի կազմակերպիչները մշակութային կապեր են հաստատել Բելառուսի, Վրաստանի թատրոնների հետ:

ԱՊՀ երկրներում մշտապես հոլովվում է ռեժիսոր Վահե Շահվերդյանի անունը եւ երեւի դա է պատճառը, որ կարծիք կա, թե կարելի է փառատոնն անվանել հենց Շահվերդյանի անունով, մանավանդ, երբ խոսվում է Վանաձորի թատերական կյանքի մասին, ապա այն ասոցացվում է Շահվերդյան բեմադրիչի հետ: «Ի՜նչ եք ասում, նման բան լինել չի կարող: Վանաձորում շատ ավելի երախտավորներ կան…»,- հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց Վահե Շահվերդյանը:

Հավելենք, որ երեկ շահվերդյանական ռեժիսուրայով Ալավերդիում ներկայացված Մուրացանի «Ռուզանին» մասնակցեցին դերասաններ Երեւանից, Վանաձորից եւ Արցախից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031