Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ փախստական է, ոչ ՀՀ քաղաքացի

Հոկտեմբեր 09,2012 13:38

Փախստականի կարգավիճակը ՀՀ-ում վերականգնելու հայցը մերժվեց

Ռուսլան Բաբայանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ ՄՊԾ) մասին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի կողմից Ռուսլան Բաբայանի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին Մ-110- փ որոշումը եւ կայացնեն բարենպաստ ակտ՝ պարտավորեցնելով ՄՊԾ-ին վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:

Դատավարությունն անցկացվեց դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ: Պատասխանող կողմը չէր ներկայացել Ռուսլան Բաբայանի դատական քննություններին, սակայն գրության միջոցով տեղեկացրել է, որ դատավարությունն անցկացվի առանց պատասխանող կողմի ներկայության:

Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ չի եղել, եւ դատական քննությունները կայացել են առանց կողմի ներկայության: Ըստ ՄՊԾ կայացրած որոշման, Ռուսլան Բաբայանի փախստականի կարգավիճակը դադարեցվել է հիմք ընդունելով այն, որ նա 1989 թվականին ծնվել է Ռուսաստանում, իսկ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու մասին «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չի եղել նշում նրա Ադրբեջանից դուրս գալու ժամկետի վերաբերյալ (ի դեպ, այդ ժամկետը նշված է սկզբնական հաշվառման թերթիկի վրա, որի պատճենը պահպանվում է նույն «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում, սակայն նշենք, որ դա հաշվի չի առնվել ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի կողմից որոշում կայացնելիս), իսկ ծնողների բռնագաղթվելու հանգամանքը հիմք չէ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ուժով Ռուսլանին փախստական ճանաչելու համար: Հավելենք. Ռուսլանի մայրը՝ Մարինա Բաբայանը, մշտական բնակվել է Բաքու քաղաքում: 14.01.1980 թվականին աշխատանքի է ընդունվել «Ազնեֆտ» նյութական բաժնի հաշվապահի պաշտոնում: 24.01.1984 թվականին Արթուր Բաբայանը եւ Մարինա Բաբայանն ամուսնացել են, որի մասին նշված է Իթ 430749 ամուսնության վկայականում: 1989 թվականին Մարինա Բաբայանը գտնվել է ֆիզիկական արձակուրդի մեջ եւ այդ ժամանակ մեկնել է Ռուսաստան: 18.10.1989 թվականին Ռուսաստանում ծնվել է Ռուսլան Բաբայանը, այդուհետեւ որոշ ժամանակ անց մայրը որդու հետ միասին վերադարձել է Ադրբեջան: Տեղեկացնենք, որ Մարինա Բաբայանն աշխատանքից հեռացվել է միայն այն պատճառով, որ Ռուսլանը եղել է մեկ ու կես ամսական: Մարինայի աշխատանքային գրքույկը որպես փաստ ներկայացվել էր վարչական դատարան, որտեղ հստակ նշվում է, որ նա աշխատանքից հեռացվել է միայն հետեւյալ պատճառաբանությամբ՝ ստիպված մեկնելու եւ ադրբեջանական ՍՍՀ (ԿԶՕՏ) 173,181 հոդվածների հիման վրա, երեխայի տարի ու կես լրանալու: Փաստացի, այդ գրքույկը վկայում է, որ Ռուսլանը ծնողների հետ միասին Ադրբեջանից բռնագաղթվել է Հայաստան: Ինչպես բոլոր փախստականները, իրենք նույնպես սահմանված կարգով հաշվառվել են որպես փախստական՝ Ադրբեջանից Հայաստան մուտք գործելիս ստացել են սկզբնական հաշվառման թերթիկ, որտեղ նշված են ընտանիքի բոլոր անդամները, նաեւ Ռուսլանը եւ բռնագաղթի տարեթիվը: Այդուհետեւ ստացել են Ն. 021342 փախստականի վկայականը: Կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ Ռուսլանը 18. 03. 2011թվականին, թիվ 0318/

0511-01 ՄՊԾ-ին ուղղված գրությամբ խնդրել է հայտնել, թե ինչ հիմքով է քննարկվել նրան փախստական չճանաչելու մասին հարցը, ինչպես նաեւ նշել է, որ հայտնեն, թե ինչ հիմքի վրա են տարիներ շարունակ իրեն տվել փախստականի վկայական, որը ՀՀ-ում փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է: Այդ գրությանը ՄՊԾ-ն պատասխանել է, որ Ռուսլանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին հարցը քննարկվել է ՀՀ ՏԿՆ ՄՊԾ-ի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ եւ 34-րդ հոդվածների հիման վրա, իսկ ինչ վերաբերում է Ռուսլանին տարիներ շարունակ փախստականի վկայական տրամադրելուն՝ Գագիկ Եգանյանը պատասխանել է. «Հայտնում եմ, որ փախստականի վկայականի տրամադրումը մեր գերատեսչության իրավասությունների մեջ չի մտնում»:

Նկատենք, որ Ռուսլանը 17. 02. 2006 թվականին ստացել է թիվ Փ013662 փախստականի վկայականը՝ համաձայն նույն Գագիկ Եգանյանի կողմից տրված տեղեկանքի, որի վավերականության ժամկետը լրացել էր 17. 02. 2009 թվականին, որից հետո այն երկարաձգվել է մինչեւ 17. 02. 2011 թվականը: Հետաքրքիրն այն է, որ փախստականի վկայականն անվավեր է համարվել 2008 թվականից եւ դա պետք է փոխարինվեր փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով, սակայն անգամ այդ պարագայում Ռուսլանին տրամադրվել է ոչ թե ճամփորդական փաստաթուղթ, այլ փախստականի վկայական: Կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման մեջ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը նշել է. «Սույն հարաբերությունների ծագման պահին գործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ փախստական է ճանաչվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող այն անձը, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքացիական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս եւ չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից»: Այդ մասին հայցվորի ներկայացուցիչ Գագիկ Մայիլյանը հավելեց. «Ինչ հնարավոր երկյուղի մասին է խոսքը, երբ 1991 թվականին Ռուսլանը եղել է ընդամենը երկու տարեկան կամ, երբ փախստականը, անձինք գաղթել են եւ հիմնական դրդապատճառը եղել է ռասայական, ազգային մոլեռանդությունը՝ Ադրբեջանի ատելությունը մեր նկատմամբ եւ ընդհանրապես, ինչ փախստական ճանաչելու մասին հարց է բարձրացվում, երբ Ռուսլանին եւ նրա ծնողներին պետությունը ճանաչել է որպես փախստական: Բացի դա, վարչական վարույթը կարգավիճակը դադարեցնելու մասին տեւել է 3 օրից ավելի՝ 40-օրյա ժամկետում, իսկ այդ մասին Ռուսլանը պատշաճ ձեւով գրություններ չի ստացել: Բողոքարկելու ենք բոլոր դատարաններում՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Հարց է առաջանում, ապա ինչ կարգավիճակում է բնակվելու Ռուսլանը, եթե նա ոչ փախստական է, ոչ ՀՀ քաղաքացի: Հավանաբար, նա ՀՀ-ի համար ապօրինի բնակիչ է: Փաստացի, այդ «սիրալիր» վերաբերմունքն են վայելում այսօր փախստականները ՀՀ-ում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031