Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության ձայնը

Հոկտեմբեր 09,2012 13:33

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, վերջին շրջանի պաշտոնանկությունները, Սերժ Սարգսյանի տոնայնության կոշտացումը պայմանավորված են երեք հանգամանքներով՝ 1. նախընտրական շրջանի նախապատրաստությամբ, 2. Հայաստանի սոցիալական եւ ֆինանսատնտեսական ծանր իրավիճակով եւ հնարավոր բարդ հետեւանքներով, 3. որեւէ իշխանության պատասխանատվության անխուսափելիությամբ: Որքան էլ 1-ին եւ 2-րդ հանգամանքները կարեւոր դեր են խաղում իրադարձությունների զարգացման մեջ, այնուամենայնիվ առանցքայինը 3-րդ հանգամանքն է, այն է՝ իշխանության պատասխանատվության անխուսափելիութունը: Միաժամանակ, ներհայաստանյան իրողությունները վկայում են, որ իշխանության պատասխանատվության անխուսափելիությունը Հայաստանում հանգում է խոցված քաղաքական հավակնություններին, անձնական վրեժին, ֆինանսատնտեսական հոսքերի վերաբաշխմանը, ռեւանշին: Սա է նաեւ պատճառը, որ ցայսօր Հայաստանում իշխանության համար պայքարը մղվել է բացառապես նախկինների եւ ներկաների միջեւ: Վկան՝ ՀՀ նախագահի նախորդ հինգ ընտրություններում հիմնական մրցակիցների ցուցակը: Այդ պատճառով է Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցել կամ պետական հեղաշրջմամբ, կամ ուժի կիրառմամբ եւ ընտրությունների կեղծմամբ: Իշխանությունների պատասխանատվության անխուսափելիության խնդիրը վերջին իրադարձությունների շրջապտույտում գիտակցաբար անտեսվեց, քանի որ ՀՀ իշխանության համար այդ խնդիրը ոչ միայն ցավոտ է, այլեւ՝ վտանգահարույց:

Ներքաղաքական աղմուկի, իրարանցման, շփոթի մեջ անլսելի է մնում լռության ձայնը՝ իշխանության պատասխանատվության անխուսափելիության մասին: Սակայն որքան էլ ջանադրաբար խլացվի լռության ձայնը, այն հնչելու է ավելի ու ավելի բարձր:

1.

Եվ մամոնային,

եւ Աստծոն

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անվանը եւ գործունեությանն առնչվող վերջին իրողությունները քննարկվել են տարբեր հարթություններում՝ ներիշխանական դավաճանության, քաղաքական հաշվեհարդարի, իրավական պատվերի եւ դրա խոցելիության, առավել խոշոր չափերի հասնող ֆինանսների յուրացման, մարտի 1-ի արյունալի դեպքերի, սակայն այդ իրողությունները չեն դիտարկվել հիմնական՝ Վարդան Օսկանյանի պատասխանատվության անխուսափելիության հարթության մեջ: Իրողությունները մյուս բոլոր հարթություններում դիտարկելը տրամաբանական է եւ արդարացված, սակայն թերի է եւ անլիարժեք: Եվ թեպետ Օսկանյանի քաղաքական եւ իրավական պատասխանատվության խնդիրը հայտնվել է ներիշխանական ճգնաժամի կիզակետում, սակայն առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում եւս այդ ճգնաժամի հաղթահարում չի նախատեսվում հենց Սերժ Սարգսյանի կամոք, քանի որ դա իրավիճակը վերահսկելու նրա ընտրած ճանապարհն է: Իշխանության հատվածական, առավել եւս՝ ամբողջական պատասխանատվության խնդիր Սերժ Սարգսյանը չի դրել նախեւառաջ այն պատճառով, որ դա շղթայական ռեակցիա կարող է առաջացնել՝ ի վերջո հանգեցնելով առկա քաղաքական համակարգի փլուզման, որի փլատակների տակ կարող է հայտնվել հենց ինքը: Այս գործընթացի արդյունքում նա համակարգը մաքրելու նպատակ չունի, ընդամենը՝ ականազերծելու: Ըստ այդմ՝ պետական, քաղաքական գործիչների պատասխանատվության հարցը դարձյալ կախված է մնում Հայաստանի երկնքում:

Հայաստանյան օրինաչափությունների համաձայն՝ պատասխանատվության խնդիրը հայ գործիչներին բնավ չի հուզում. նրանք ապրում եմ այսօրով եւ չեն մտահոգվում պատասխան տալու հեռանկարից: Կյանքը կարճ է, ՀՀ դատական համակարգը՝ կախյալ, հանրության դատաստանը՝ խաբկանք, Ահեղ դատաստանը՝ հորինվածք, ուստիեւ կարելի է ծառայել եւ մամոնային, եւ Աստծոն: Հայաստանում նման վարքագիծն արդարացված է, մամոնային ծառայելն՝ առավել եւս: Ինչպես մյուս հայ պետական-քաղաքական գործիչներին, Վարդան Օսկանյանին եւս պատասխանատվության խնդիրը վրդովում է այն պատճառով, որ նա էլ մյուսների նման համոզված է, թե եւ Աստծոն, եւ մամոնային ծառայելը քաղաքականության ոսկե կանոնն է, որն ինքը սերտել է: Համենայնդեպս, Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստում նրա ելույթը այդ համոզմունքի արտացոլումն էր: Ելույթում Օսկանյանը սրտնեղած հայտարարեց. «Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ փոքր բաժակի մեջ, փոթորիկ է մատնոցի մեջ… Տասը տարվա արտգործնախարարին բերում եք այստեղ այսպիսի հարցադրումնե՞ր եք անում» (https://aravot.

am): 1 մլն 427 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ մեղադրվող նախկին արտգործնախարարը պնդում է՝ յուրացում չկա. գումարի մի զգալի մասը Հանսթմանը հատկացրել է իրեն՝ տնօրինելու սեփական հայեցողությամբ. «Պարո՛ն դատախազ, փողը կա, բողոքը չկա, այլ հակառակի՛ պնդումը կա: Հանթսմանը ասում է, որ հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել» (նույն տեղում):

Օրինաչափորեն հարց է առաջանում. Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքներին լավատեղյակ, միջազգային հարաբերություններում Հայաստանը ներկայացնող եւ նրա անունից հանդես եկող, փակ բանակցություններին մասնակցող «տասը տարվա արտգործնախարարին» ինչո՞ւ է ամերիկացի մեծահարուստն այդքան գումար հատկացնում: Խնդիրն ուղղակի առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Ցավալին այն է, որ ՀՀ գործող իշխանությունն այս գործի առումով վտանգ է տեսնում ոչ թե պետության անվտանգության, այլ իր իշխանության պահպանման համար: ՀՀ նախագահի ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է վերահսկել բոլոր ֆինանսական հոսքերը, որպեսզի կանխի դրանք իշխանափոխությանը ծառայեցնելու հնարավորությունը: Պետք է ենթադրել, որ Օսկանյանին եւ «Սիվիլիթասին» արված Հանսթմանի ֆինանսական հատկացումներին իշխանությունը տեղյակ է եղել ի սկզբանե, սակայն մեղադրանքն առաջադրվում է այժմ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կախյալ դատական համակարգի ձեռամբ: Ճիշտ այնպես, ինչպես այն տասը տարիների ընթացքում, երբ Օսկանյանն արտգործնախարար էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, որի մի մասն էլ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությամբ:

Ոչ ոք չի կարող ծառայել եւ Աստծոն, եւ մամոնային: Ի վերջո՝ Աստվածաշնչյան այս հավաստիացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ընտրություն՝ կամ մամոնային, կամ Աստծոն: Հայաստանյան պետական, քաղաքական, հասարակական կյանքում հիմնականում ընտրում են մամոնային:

2.

Քամի սերմանողը

փոթորիկ կհնձի

Վարդան Օսկանյանը իշխանության համար պայքարում թերեւս բավականին «թանկ արժե»: Գուցե նա այն գի՞նն է, որ պատրաստ է վճարել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին իշխանությունը կիսելու կամ իր ֆինանսական հոսքերը պահպանելու դիմաց: Օսկանյանը խաղատախտակի այն զինվորն է, որը պետք է «զոհվի»՝ խաղն առնվազն ոչ-ոքի ավարտելու համար: Քիչ հավանական է, որ Օսկանյանը չգիտե, թե իրականում ի՞նչ դեր է վերապահվում իրեն: Նա մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել նաեւ այն ջանքերի պատճառով, որոնք գործադրում էր կանխելու Սարգսյան-Ծառուկյան համագործակցությունը ԱԺ ընտրություններից առաջ եւ հետո: Եվ այժմ ներիշխանական հակասությունների զոհ դառնալով եւ քաղաքական հետապնդման ենթարկվելով՝ Օսկանյանն ահազանգում է. «Այս ոտնձգությունները ոչ թե իմ, այլ Հայաստանի հեղինակության եւ մեր ժողովրդվարության նկատմամբ են», «Հայաստանը նման բռնապետություն լինելու ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ աշխարհաքաղաքական ռեսուրս չունի»: Ճշմարտությունն, անշուշտ, կարեւոր է, սակայն պակաս կարեւոր չէ, թե ո՞վ է այն ասում: Իսկ ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չուներ նաեւ 2008թ. մարտի 2-ին, երբ հետընտրական հուզումներից հետո արտակարգ դրության պայմաններում լույս չտեսան հայաստանյան թերթերը: Արտակարգ դրության սպառնալիքը Քոչարյանի անունից Օսկանյանը հայտնել էր մարտի 1-ի երեկոյան՝ ասելով՝ եթե իրավիճակը սրվի, նախագահը արտակարգ դրություն կհայտարարի: Նույն՝ մարտի 1-ի արյունալի գիշերը Երեւանի կենտրոնում դաժանաբար սպանվեցին տասը քաղաքացիները: Այն նույն օրը մամլո ասուլիսում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, արդարացնելով Քոչարյանի գոծողությունները, հայտարարում էր. «Ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ոստիկանության ուժի կիրառումը համարժեք է եղել իրավիճակին» (https://lragir.

am):

Եվ այժմ քաղաքական որոշումներ կայացնող-կատարողից Օսկանյանը վերածվել է «քաղաքական հալածյալի» եւ քաղաքական հետապնդման է ենթարկվում ճիշտ այնպես, ինչպես տասը տարի շարունակ իր՝ արտգործնախարարի պաշտոնում եղած ժամանակ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Օսկանյանը կարող էր եւ պարտավոր էր հրաժարական տալ եւ սահմանազատվել Ռոբերտ Քոչարյանից 2008թ. մարտի 1-ի գիշերը՝ դրանով իսկ անհամաձայնություն հայտնելով Քոչարյանի գործողություններին, սակայն նա ոչ միայն դա չարեց, այլեւ դարձավ հանրային ընդվզումն արյան մեջ խեղդող իշխանության հիմնական դերակատարներից մեկը՝ հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ մնալով որպես մարտյան դեպքերի պատասխանատուներից մեկը:

Վարդան Օսկանյանն այժմ փոթորիկ է հնձում, քանի որ քամի է սերմանել: Աստվածաշնչյան պատգամը հավաստիացնում է՝ Քամի սերմանողը փոթորիկ կհնձի:

3.

Բոլոր գործերում քո

հիշիր վերջի մասին

Տարիներ առաջ, երբ ԱՄՆ Բոստոն քաղաքում ուշադրությամբ զննում էի օվկիանոսի ափին տեղակայված Ջոն Քենեդու ապակեպատ թանգարանի ցուցանմուշները, տարակուսեցի՝ ԱՄՆ նախկին նախագահի սպանությանն առնչվող միայն մեկ ցուցանմուշ կար՝ սպանության պահին նրա հագած պիջակը: «Ինչո՞ւ են այսքան քիչ Քենեդու սպանությանն առնչվող նյութերը»՝ հարցիս ի պատասխան սրահի պատասխանատուն ասաց՝ «Մենք չենք կամենում, որ Քենեդին ամերիկացիների հիշողության մեջ մնա որպես սպանված նախագահ»:

Այս դրվագը ես հիշում եմ ամեն անգամ, երբ մտածում եմ, թե պետական, քաղաքական գործիչների ինչպիսի կերպար մենք պետք է փոխանցենք սերունդներին: Սակայն Վարդան Օսկանյանը Ջոն Քենեդին չէ եւ թեպետ նա չի էլ ակնկալում, նրա հուշարձանը ոչ ոք չի կանգնեցնելու: Եվ թեպետ Օսկանյանը Քենեդին չէ, սակայն նրա ճակատագիրը մտահոգում է ԱՄՆ-ին, որի երեւանյան դեսպանատունը շտապեց «խորը մտահոգություն» հայտնել գործի առնչությամբ եւ հույս (իրականում՝ կասկած- Ն. Մ.), որ «գործը չի հանդիսանում օրենսդրության ընտրովի կիրառում՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով» (https://usa.am): Այսքան կտրուկ, դիվանագիտորեն չսքողված հայտարարություն ԱՄՆ-ը չի արել ոչ մարտի 1-ի արյունալի դեպքերից առաջ, ոչ էլ հետո: Մարտի 1-ին խնդիրը քաղաքական դաշտում լուծելու հորդորների փոխարեն Վաշինգտոնը Քոչարյանի առջեւ պահանջ չդրեց ուժի եւ բռնության չդիմել: Օսկանյանի գործի քննությանը ուշադիր հետեւելու հաստատակամություն հայտնեց նաեւ ՀՀ-ում ԳԴՀ նորանշակ դեսպան Ռայներ Մորելը Մամուլի ազգային ակումբում: Եվ թեպետ լրագրողի հարցն առնչվում էր «Արեւելյան գործընկերության» ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսմանը եւ Հայաստանում ժողովրդավարության ձախողմանը, դեսպանը հմտորեն անցում կատարեց Օսկանյանի գործին: Երբ լրագրողը փորձեց ճշտել, թե Արեւմուտքի այսօրինակ արձագանքը պայմանավորված է Օսկանյանի՞ անձով, քանի որ նախկին արտգործնախարար Ալ. Արզումանյանին նույն մեղադրանք էր առաջադրվել, սակայն արձագանք չհաջորդեց, դեսպանը հաստատեց՝ այո, Օսկանյանի անձով է պայմանավորված:

Անկեղծ ասած, Վարդան Օսկանյանի մարդկային ճակատագիրն ինձ չի հուզում, թեպետ որպես լրագրող եւ Մամուլի ազգային ակումբի նախագահ նախկին արտգործնախարարի մարդկային հատկությունները գնահատում էի ժամանակին: Քանիցս նա հյուրընկալվել է ՄԱԱ-ում՝ նաեւ այն ժամանակ, երբ մենք դեռ մեր Մամուլի տան մեր հարկաբաժինը չունեինք եւ դեգերում էինք տարբեր սրճարաններում: Հետագայում, արդեն որպես «Ամբիոն» թերթի խմբագիր, հարցազրույց եմ վարել նրա հետ, երբ Քոչարյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը քննադատում էի իմ հոդվածներում: Ես Օսկանյանին տեսել եմ մարզահամերգային համալիրում անցկացվող Հայաստան-Սփյուռք համաժողովին, երբ ինքն էր սեղաններին դասավորում «Ջերմուկի» շշերը: Տարիներ շարունակ նա եղել է բաց, թափանցիկ, հասանելի քաղաքական գործիչ, ինչը համարում էի նրա արեւմտայն կրթության եւ միջավայրի արդյունք: Սակայն իմ աչքերի առջեւ երբեմնի բաց, քննադատությանը եւ սուր հարցադրումներին հանգիստ արձագանքող պետական գործիչ Վարդան Օսկանյանն աստիճանաբար փակվում էր, կերպարանափոխվում, դառնում հայաստանյան քաղաքական գործիչ՝ բառի բացասական իմաստով: Ես տեսնում էի, թե ինչ է անում Հայաստանի քաղաքական համակարգը մարդկանց հետ: Անկախ նրանից, թե ո՞րն է լինելու «Օսկանյանի գործի» շարունակությունը, մեղադրյալից նա կվերածվի՞ ամբաստանյալի, թե՞ ոչ, Վարդան Օսկանյանը պատասխանատվություն է կրում՝ քաղաքական, իրավական, հասարակական, բարոյական, մարդկային հարթություններում: Նա պատասխանատվություն է կրում Հայաստանի շահերին դավաճանելու համար: Այդ իսկ պատճառով քաղաքականությամբ զբաղվելու նրա իրավունքը պիտի բացառվի ոչ թե Սերժ Սարգսյանի կամոք, այլ սեփական նախաձեռնությամբ: Սա է նրան ասում լռության հզոր ձայնը: Նախկին արտգործնախարարը պետք է ականջալուր լինի այդ ձայնին: Բոլոր գործերում քո հիշիր վերջի մասին՝ պատգամում է Աստվածաշունչը:

Սերժ Սարգսյանն ակամայից սկսել է մի գործընթաց, որը, որքան էլ պայմանավորված լինի նախընտրական տրամաբանությամբ, արդեն դժվար է լինելու կանգնեցնել: Թափանիվը, հակառակ նրա ցանկության եւ ջանքերի, ավելի ու ավելի արագ է պտտվելու. Հայաստանն աստիճանաբար մտնում է նոր՝ նախագահի ընտրությունների շրջափուլ, եւ քաղաքական նոր իրավիճակում ավելի հստակ են ձեւակերպվելու հայաստանյան գործիչների պատասխանատվության խնդիրները:

Պատասխանատվությունը հաշվեհարդար չէ, այլ այն ճանապարհն է, որով պետությանը կվերադարձվի ահռելի կողոպուտը, այն ճանապարհը, որը երկիր կվերադարձնի ՀՀ քաղաքացիներին եւ որը կվերադարձնի հավատը Հայաստանի ապագայի հանդեպ:

Լռության ահեղ ձայնը՝ որեւէ իշխանության պատասխանատվության անխուսափելիության մասին, անհնար է անվերջ խլացնել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031