Սիրիահայ Ավեդիս Կարագուլյանը քաղաքացու խանութի տարածքն իրացրել է ու պայմանագրով նախատեսված որեւէ պարտավորություն 7 տարի է՝ չի կատարում:
Պետական գերակա շահ անվան տակ Հայաստանի Հանրապետությունն ինձ հետ 2005թ.-ի դեկտեմբերի 19-ին 25 ամսով կնքեց անշարժ գույքի փոխհատուցման համար եռակողմ պայմանագիր: Խանութիս գնորդը, իրացնողը եւ տարածք հատկացնողը հանդիսանում էր ՀՀ-ն: Այսինքն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության ես հրաժարվեցի Աբովյան 4/6 հասցեում գտնվող 102.8 քմ իմ խանութի տարածքից եւ վարձակալած հողից՝ վստահելով Հայաստանի Հանրապետությանը եւ ակնկալելով, որ ՀՀ-ն անպայման կկառուցի եւ կվերադարձնի խանութս:
ՀՀ-ի անունից կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավեդիս Կարագուլյանը իմ սեփականությունից եւ հողատարածքից հրաժարվելու դիմաց պարտավորվեց ինձ հատկացնել առեւտրի սրահի տարածք Աբովյան փողոցի վրա իմ խանութի իրացված տարածքում կառուցվող թիվ 2 շենքի 1-ին հարկից՝ 102.8 քմ մակերեսով եւ 4 մետր ճակատային մասի բացվածքով, իսկ շենքի նկուղից հատկացրեց 1 ավտոկայանատեղի: Սույն պայմանագրի 25-ամսյա ժամկետը ավարտվեց 2008 թ.-ի փետրվարին, սակայն ընկերությունն այդ ժամկետում տարածքս եւ ավտոկայանատեղիս չկառուցեց եւ չհատկացրեց ինձ:
2005-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետից հետո սույն պայմանագիրը շարունակեց գործել համաձայն պայմանագրի 5.7 կետի՝ մինչեւ կողմերի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը: Պայմանագրով նախատեսված իմ պարտավորությունները կատարել եմ պատշաճ, այն է՝ 30 օրում խանութս եւ հողամասս հանձնել եմ ՀՀ-ի տնօրինմանը: Սակայն «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավեդիս Կարագուլյանը առ այսօր, պայմանագրիս վերջնաժամկետից անցել է մոտ 6 տարի 8 ամիս, չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից եւ ոչ մեկը: Չի վճարել նույնիսկ պայմանագրով նախատեսված տուգանքը: Խանութիս իրացված տարածքում կառուցվող թիվ 2 շենքի 1-ին հարկում ինձ խանութի տարածք հանձնելու փոխարեն տարածք է հատկացրել թիվ 2 շենքից ներքեւ գտնվող 2 խանութպանների, որոնց խանութները կառուցվող թիվ 2 շենքի տարածքում չեն գտնվել, որի համար նրանք չեն իրացվել: Խանութները կառուցելու ուշացման պատճառը եղել է այն, որ Ա. Կարագուլյանը ակնկալելով գերշահույթ՝ որոշել էր շենքը եւս 2 հարկով բարձրացնել եւ շենքի հետեւամասից տարածքներ ավելացնել: Որպեսզի քաղաքապետարանից ստանա այդ թույլտվությունները, նա մեր խանութների կառուցումը դադարեցրել է՝ 2 տարուց ավելի թողնելով մեզ առանց աշխատանքի եւ առանց ապրուստի: Փաստորեն ինքը շահել է, իսկ մենք՝ խանութպաններս, տուժել ենք, քանի որ զրկված ենք եղել աշխատելու եւ ապրելու մեր իրավունքից:
Իմ սեփական հողի եւ խանութի տեղը Ավեդիս Կարագուլյանը կառուցել է 13 հարկանի շենք, որից 12 հարկը բացառապես հանդիսանում է իր սեփականությունը: Մոտ 7 տարի թողնելով ընտանիքս առանց ապրուստի, չվճարելով մոտ 4 տարի 8 ամսվա համար հասանելիք տույժի գումարից գոնե մեկ դրամ՝ Ավեդիս Կարագուլյանը այժմ էլ, անհիմն եւ անօրինական փաստեր ու պահանջներ ներկայացնելով դատարանում, ցանկանում է խլել ինձանից իմ միակ ունեցվածքս՝ խանութս, վճարելով որպես փոխհատուցում ընդամենը 26 382 500 դրամ, որպեսզի այն ինձանից խլելուց հետո վերավաճառի այսօրվա շուկայական գներով՝ մոտ 15 անգամ ավելի գնով՝ ստանալով անաշխատ եկամուտ: Կարագուլյանն այնքան վստահ է իր ուժերի վրա, որ դատարանը հօգուտ իրեն կկայացնի վճիռը, որ ինձ հետ կնքված սույն հիմնական պայմանագիրը դատարանին ներկայացնում է որպես նախնական պայմանագիր՝ պատճաբանելով, որ իբրեւ թե իմ նախնական պայմանագրի 19.02.2008թ. վերջնաժամկետից հետո սույն պայմանագրի իրավազորությունը ավարտվել է, որի պատճառով պայմանագիրը դադարել է գործելուց, այն դարձել է առ ոչինչ եւ ենթակա է լուծման: Դա ճիշտ չէ, քանի որ Ա. Կարագուլյանը իր հայցադիմումում դատարանից թաքցնում է այն փաստը, որ համաձայն հիմնական պայմանագրի 5.7 կետի՝ պայմանագրի վերջնաժամկետից հետո պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ կողմերի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը, այսինքն՝ մինչեւ Ա. Կարագուլյանը կատարի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ տարածքս կառուցի, հատկացնի ինձ եւ վճարի ուշացրած ժամկետի նախատեսված տուգանքի գումարը:
Սույն պայմանագրի 5.1 կետով պայմանագիրը իր բոլոր գործընթացներով հանդիսանում է նաեւ առուվաճառքի պայմանագիր, այսինքն՝ հիմնական պայմանագիր: Մինչդեռ նախնական պայմանագիրը չի կարող հանդիսանալ առուվաճառքի հիմնական պայմանագիր: Նախնական պայմանագրի վերնագիրը անպայման գրված է լինում նախնական պայմանագիր, իսկ իմ պայմանագրի վերնագիրը նախնական պայմանագիր չէ: Նախնական պայմանագրում գրվում է, որ հետագայում կողմերը պետք է կնքեն առուվաճառքի հիմնական պայմանագիր, սակայն իմ պայմանագրում նման կետ չկա գրված, քանի որ իմ պայմանագիրը 5.1 կետով հանդիսանում է իր բոլոր գործընթացներով նաեւ առուվաճառքի պայմանագիր եւ գրված է 5.1 կետում, որ նմանատիպ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, որը նշանակում է, որ իմ պայմանագիրը համարվում է հիմնական առուվաճառքի պայմանագիր: Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել առուվաճառքի պայմանագիր գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին: Մինչդեռ համաձայն իմ պայմանագրի 2.5 կետի՝ նշված են վերը նշված բոլոր գործողությունները՝ թե ինչ շինանյութով պետք է կառուցվի տարածքը, ինչ դռներ պետք է տեղադրվեն եւ ինչ վերանորոգում պետք է կատարվի իմ առեւտրի սրահի տարածքում, ինչպես նաեւ նշված է, որ տարածքը պետք է ինձ հանձնվի լրիվ ավարտուն վիճակում, կոմունալ հարմարությունները ամբողջությամբ մոնտաժված, որից հետո կողմերի միջեւ պետք է կնքվի հանձնման-ընդունման ակտ, որը պետք է կնքեն ու ստորագրեն կողմերը, այսինքն՝ իմ պայմանագիրը՝ իր բոլոր գործողություններով, հանդիսանում է առուվաճառքի հիմնական պայմանագիր:
Բացի այդ, նախնական պայմանագիրը պետական գրանցում չի ստանում, իսկ հիմնական պայմանագիրը պարտադիր ստանում է պետական գրանցում, որի մասին հատուկ շեշտված է իմ պայմանագրում: Քանի որ իմ պայմանագիրը Կենտրոն կադաստրի ստորաբաժանման կողմից ստացել է պետական գրանցում, ուստի այն իր բոլոր գործարքներով եւ կետերով հանդիսանում է առուվաճառքի հիմնական պայմանագիր:
Թե ինչ ակնկալիքով է Ավեդիս Կարագուլյանը դիմել դատարան, կեղծ փաստեր ներկայացնելով, թե իբր իմ պայմանագիրը հանդիսանում է նախնական պայմանագիր, անհասկանալի է: Չնայած արդեն իսկ դատարանների կայացրած անօրինական եւ անարդար 4 վճիռներով Կարագուլյանն արդեն խլել է մեր տարածքի 4 խանութպանների խանութները, որի պատճառով խանութների 4 սեփականատերեր ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել են Եվրադատարան: Այժմ էլ Կարագուլյանը ցանկանում է խլել ինձանից՝ քաղցկեղով, շաքարային դիաբետով, արտրոզով, սրտի կաթված տարած կնոջ միակ ունեցվածքը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա այս գործով նախնական դատական նիստը:
Լ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ