Լրահոս
Օրվա լրահոսը

Ով դեմ է դասական ուղղագրությանը` տգետ է, ծույլ կամ ծախված

Հոկտեմբեր 09,2012 13:04

Կառաջադրվի՞ արդյոք Պարույր Հայրիկյանը առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ` դեռ հստակ չէ: «Իմ առաջադրումը ԱԻՄ-ի կողմից պաշտպանվեց եւ որոշում ընդունվեց, որ կսատարի, բայց ինձ իրավունք տվեց, որ ընթացքում ես ինքս կողմնորոշվեմ»: Նա «Պոստ Սկրիպտում» ակումբում հիշեցրեց, թե ինքն այն մարդն է, որ իր ազգային գաղափարների համար միայն պատահականորեն ամեն ինչ չի տվել` «մինչեւ հիմա էլ զարմանում եմ, որ այդքանից հետո ես հիմա այստեղ նստած եմ», եւ բնական է, որ այդ մարդու համար ոչ թե աթոռն է կարեւորը, այլ` գաղափարները: «Եթե կհայտնվի թեկնածու, ով կընդունի իմ առաջադրած գաղափարները, եւ կկարողանա նույն արժեքային համակարգով աշխատել, ես աթոռապաշտ չեմ, կպաշտպանեմ այդ թեկնածուին: Ես իմ կյանքով ապացուցել եմ, որ այսօրվա դրությամբ մեր երկրի կյանքում ամենամեծ ներդրումն ունեցող մարդը լինելով` կարող եմ առաջադրվել, բայց, օրինակ, եթե Վահան Հովհաննիսյանը որոշի առաջադրվել, եւ ընդունի իմ ծրագրերը, ես մեծ սիրով կաջակցեմ: Իմ նախագահ դառնալը հասկացող մարդու համար կարող է երանելի լինել, բայց ոչ ինձ համար: Ինձ համար նախագահի պաշտոնը բանտային ժամանակահատվածի շարունակություն կարող է լինել»:

Ամենակարեւոր ծրագրերից մեկը, որ Հայրիկյանը կարեւորում է առաջիկա նախագահի համար` դասական ուղղագրությունը վերականգնելն է: «Այսօր դասական, միասնական ուղղագրությունը գործում է տարբեր երկրներում, գրքեր են հրատարակվում այդ ուղղագրությամբ, ի՞նչն է մեզ` հայաստանցիներիս, խանգարում այդ միասնական ուղղագրությունը պետականորեն ընդունել: ԽՍՀՄ փլուզումից հետո մոլդավները, ադրբեջանցիները եւ տաջիկները 100%-ով փոխեցին իրենց ուղղագրությունը: Մեր ուղղագրության 70%-ը դեռ 1940-ականներին է փոխվել, երբ վերականգնվեցին «օ» եւ «է» տառերը, մեզ մնում էր միայն «ւ» տառը ավելացնել եւ բոլորս կգրեինք միասնաբար: Այս քսան տարում չկարողացանք դա անել, երբ կարող էինք քսան անգամ անել: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում`տգիտությունը, անիրազեկությունը եւ ծախվածությունը: Ամեն անշնորհք արարած, որ միասնական ուղղագրությանը դեմ է, թող ինքն ընտրի` ինքը ծո՞ւյլ է, տգե՞տ է, անիրազե՞կ է, թե՞ ծախված: Այլ տարբերակ չկա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031