Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են լռում նախագահի հիմնական թեկնածուները

Հոկտեմբեր 09,2012 12:39

Առայժմ մեկ մարդ` նախագահ Սարգսյանն է հասարակությանը հայտնի դարձրել, որ առաջադրվելու եւ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Հիմնական թեկնածուները, ում մասին կասկածներ կան, որ նրանք եւս հավակնորդ են, լռում են: Լռությունը կարող է մի քանի պատճառ ունենալ` չեն կողմնորոշվում «ումով անել», ուզում են անակնկալի բերել հիմնական մրցակցին` վերջին պահին առաջադրվելով, կամ դեռ ռեսուրս են հավաքագրում. բավարար ռեսուրս ունեցան, կառաջադրվեն, բավարար ռեսուրս չունեցան` ոչ: Կամ` բանակցությունները չեն ավարտվել վիճելի հարցերի շուրջ, սա ըստ որոշ լուրերի` վերաբերում է ՀՀԿ եւ ԲՀԿ լիդերներին (ինչու չէ` Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին` եթե հեռուն գնանք մեր ենթադրություններում):

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ես դիտարկում նախագահական ընտրությունները` արդյո՞ք որպես խորհրդարանական ընտրությունների շարունակություն, եւ այդ ընտրություններում մեծամասնություն կազմած ուժի իշխանության վերահաստատում` նրա լիդերի նորից նախագահ ընտրվելու տեսքով, թե՞, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրությունները կապ չունեն, եւ ամեն ինչ լուծվելու է նախագահական ընտրություններով: ԲՀԿ-ի շուրջը պահպանվող ինտրիգը թերեւս խոսում է վերջին տարբերակի օգտին` այսինքն իշխանությունը բաժանելու կամ կիսելու խնդիրը, ինչպես որ մոտ կես միլիոն ընտրողով երկրորդ ուժը կուզենար, դեռ առջեւում է: Ու այդ պատճառով քաղաքական դաշտը սպասում է այն հայտարարություններին, որ պետք է անեն թվով երկրորդ քաղաքական ուժը ներկայացնողները` նախագահի սեփական թեկնածու առաջադրելու կամ, ընդհակառակը, կառավարման ցանկալի մասը ստանալուց հետո իշխող ուժի թեկնածուին պաշտպանելու վերաբերյալ: Ամբողջ խդիրն այն է, որ ԲՀԿ-ի մասով առնվազն ուրվագծվում էին երեք թեկնածու, որոնք կարող էին հավակնել անձամբ կամ միջնորդավորված նախագահի թեկնածու լինելուն` Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վարդան Օսկանյանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Քոչարյանն առաջադրվի, նշանակում է` տեղի է ունեցել երկրորդ եւ երրորդ նախագահների փոխհամաձայնություն (եւ ոչ թե այդ երկուսի հակադրության արդյունքում` ինչպես որ շատերն են կարծում): Ուրիշների պես մենք հակված չենք թշնամանք կամ հակադրություն փնտրելու երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ, մեր կարծիքով, կամա-ակամա, նրանք պետք է փոխհամաձայնեցված գործեն, որքան էլ տարբեր շահեր ունենան: Այդ շահերը ոչինչ են` երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներ առումով: Օսկանյանի առումով` գնացքն արդեն գնաց, քանի որ հավանաբար նրան որպես մեղադրյալի ներգրավելով` ուրիշների համար ճանապարհ ազատելու խնդիր լուծվեց փաստորեն: Եվ ընդհանրապես` Օսկանյանին «փողերի լվացման» մեջ մեղադրելով` մի երեք տեսակ խնդիր հավանաբար կարող էին լուծել. բավական ռուսական կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ն ազատել արեւմտյան, իսկ ավելի ստույգ` ամերիկյան ազդեցությունից, ընդհանրապես` նախագահի մեկ հնարավոր թեկնածուի մրցակցությունից հանել (քանի որ Օսկանյանը լուրջ էր ընդունել, որ ԲՀԿ-ն կարող է իրեն նախագահի թեկնածու առաջադրել… Քոչարյանի փոխարեն): ԲՀԿ-ի մակետով մեծ հաշվով` ամերիկյան եւ ռուսական ազդեցությունների պատերազմը այս պահին լուծվեց ռուսական առավելությամբ: Ուրիշ բան, որ բարձրաձայն այլ բան են ասում.

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031