Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ն նորից կանդրադառնա Սաֆարովի հարցին

Հոկտեմբեր 09,2012 12:36

Հատված ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից
   –Գո՞հ եք ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներից։ Կարելի՞ է ասել, որ եվրոպական հանրությունն այլեւս մտադիր չէ հանդուրժել Ադրբեջանի ռասիստական նկրտումները, բացահայտ արհամարհական վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ։ 
   -Այս նստաշրջանն իրապես առանցքային էր մի քանի առումով։ Առաջին՝ վեհաժողովը վերջապես եկավ այն գիտակցության, որ ժամանակն է կասեցնել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հաղթարշավը։ Այսինքն՝ հասկացավ, որ եվրոպացի պատգամավորներին, եվրոպացի չինովնիկներին փաթեթներով գնելու ադրբեջանական գործելաոճն այլեւս անթույլատրելի է՝ դա կարող է ուղղակիրոեն ներսից պայթեցնել եվրոպական կառույցները, այդ թվում՝ նաեւ ԵԽ ԽՎ-ն։
Շատ կարեւոր է, որ այդ մասին խոսեցին եւ բարձրաձայնեցին ոչ թե հայկական պատվիրակության անդամները, այլ հենց եվրոպացի պատգամավորները թե՛ քաղաքական խմբերում, թե՛ լիագումար նիստերի ժամանակ, եւ հստակ շեշտադրում արեցին՝ եթե իրոք մտահոգ ենք այս կառույցի ապագայի նկատմամբ, այդպես շարունակվելու դեպքում պետք է այլեւս լրջագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ։
   –Քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քննարկումը կարծես թե նույնպես ադրբեջանական պատվիրակության սրտով չէր. հատկապես ի՞նչն էր այդպես մտահոգել ադրբեջանցի ձեր «գործընկերներին»։
   -Բանն այն է, որ զեկույցը խարսխված էր հիմնականում ադրբեջանական իրողությունների վրա։ Գիտեք, որ Ադրբեջանն այդպես էլ Շտրասերին՝ քաղբանտարկյալների հարցով զեկուցողին, թույլ չտվեց մտնել Ադրբեջան։ Բայց չնայած Ադրբեջանի, Թուրքիայի եւ որոշակիորեն նաեւ Ռուսաստանի պատվիրակությունների համառ ջանքերին, վեհաժողովը քվեարկեց բանաձեւի օգտին, ըստ որի՝ «քաղբանտարկյալ» ձեւակերպումը պիտի տա ԵԽ ԽՎ-ն։
Ադրբեջանը մոբիլիզացրեց իր ողջ լոբբիստական զինանոցը, որպեսզի այդ ձեւակերպումը թողնվի Եվրոպական դատարանին, իսկ Եվրոպական դատարանում նմանատիպ գործերը տարիներ շարունակ, ընդհուպ 10-15 տարի, կարող են չքննարկվել։ Դա նշանակում է, որ քաղաքական հայացքների համար դատապարտված մարդիկ փաստացի չեն կարող Եվրախորհրդում կամ միջազգային այլ կառուցներում պաշտպանել իրենց իրավունքները, որովհետեւ նրանց կասեն՝ դա մեր իրավասությունը չէ. Եվրոպական դատարանը պետք է որոշի՝ դուք քաղբանտարկյա՞լ եք, թե՞ ոչ։
Ձայները կիսվեցին՝ 89 հոգի կողմ քվեարկեց այդ առաջարկին, 89-ը՝ դեմ։ Իսկ ԵԽ ԽՎ կանոնադրության համաձայն՝ հավասար ձայների դեպքում անցնում է նախագծի նախնական տարբերակը, ըստ որի՝ «քաղբանտարկյալ» ձեւակերպումը պիտի տա Եվրախորհուրդը, ոչ թե Եվրոպական դատարանը։ Սա, բնականաբար, չէր կարող չմտահոգել ադրբեջանցի պատվիրակներին, որովհետեւ հունվարին նույն Շտրասերը ներկայացնելու է եւս մեկ զեկույց՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ, եւ ադրբեջանական պատվիրակությունը շատ էր ուզում, որ նախագիծը չընդունվեր։
Սա տեղի ունեցավ նաեւ մեր պատվիրակության ակտիվ ջանքերով։ Հունվարին քննարկվելու է նաեւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքը, այնպես որ զուգահեռաբար կլսվի նաեւ Ադրբեջանում քաղաքական հայացքների համար կալանավորված, ձերբակալված, բանտարկված անձանց հարցը։
   –Շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ԵԽ ԽՎ նստաշրջանում որեւէ բանաձեւ չընդունվեց Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման վերաբերյալ, մինչդեռ Եվրախորհրդարանը, որտեղ ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը ներկայացված չենք, դատապարտող բանաձեւ ընդունեց այդ կապակցությամբ։ Սա ինչո՞վ բացատրել։
   -ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը նախապես հայտարարել էր, որ բանաձեւի, հայտարարության կամ որոշման ընդունում չի նախատեսվում, բայց խնդիրը փակված չէ։ Քանի որ Հունգարիան եւ Ադրբեջանը անընդհատ հղում են անում ստրասբուրգյան կոնվենցիային՝ հանցագործների արտահանձնման վերաբերյալ համաձայնագիրն օգտագործում են այդ հրեշավոր գործարքն արդարացնելու համար, Սաֆարովի հարցը ուղարկվեց իրավական հանձնաժողով։
Վստահաբար, նոյեմբերին հանձնաժողովն իր նիստում նորից կանդրադառնա այդ հարցին, եւ խնդիր կբարձրացվի՝ վերանայելու այն միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ ստրասբուրգյան կոնվենցիան, որոնց ոգին եւ բովանդակությունը խեղաթյուրելով՝ Հունգարիան եւ Ադրբեջանը կատարեցին այդ ամոթալի գործարքը։ Այո, հարցը փակված չէ, որովհետեւ դա ոչ միայն հունգարական եւ ադրբեջանական արդարադատության ամոթն է, այլեւ անարգանք եվրոպական արժեքների նկատմամբ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031