Հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին։ Համաժողովի ընթացքում Ս. Սարգսյանն ասել է. «Մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու եւ հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը, միակ անխոցելի եւ հեռուն տանող ճանապարհն է»: Նա նաեւ հավելել է, որ մարդիկ պետք է արդյունքներ տեսնեն, պետք է վստահ լինեն, որ բոլոր իրականացվող գործողություններն այդ նպատակին են ծառայում. «Մարդիկ պետք է հավատան, ուղղակի հավատան»։
ՀԱՐՑ. Սերժ Սարգսյանի այս խոսքերն ինչո՞վ են տարբերվում 2011թ. մարտի 16-ին կայացած խորհրդակցությունից, որի ժամանակ նա ասաց, թե դուք տեղական իշխանիկ չեք, դուք պետք է ծառայեք։ Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել Ս. Սարգսյանի բանավոր ցուցումների արդյունքում։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ փոփոխություն չեմ նկատել, թեեւ դրանում գուցեւ իմ մեղքի բաժինն էլ կա, որովհետեւ վաղուց չեմ հետեւում ու, առհասարակ, նաեւ լուրջ չեմ վերաբերվում պաշոնյաների հռետորական հարցադրումներին։ Ես ավելի շատ հակված եմ տեսնել կոնկրետ գործ եւ ակնհայտ բարեփոխումներ, հատկապես ՏԻՄ ընտրություններում, որպիսիք բացակայում են Հայաստանում։ ՏԻՄ-երը հասարակությանը ծառայեցնելը չի ստացվում Հայաստանում, այն գրեթե ամբողջովին քրեականացված մարմին է։ Ներկայում խոսք ու զրույցի մակարդակով է իրականացվում այս ամենը, տա Աստված՝ հասկանան, որ նաեւ գործով է պետք ապացուցել։
ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ
«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես ոչինչ չի փոխվել, դրանք ցուցադրական ելույթներ են եւ, առհասարակ, կարծում եմ, որ այդ ամենն ավելի շատ արվում է դրսի համար։ Միջազգային կազմակերպություններին ցանկանում են ցույց տալ, որ երկրում բարեփոխումներ են իրականացնում, խոստումներ են տալիս միջազգային կառույցներին, որ Հայաստանը գնում է ժողովրդավարեցման ուղիով։ Ներսում որեւէ մեկը չի հավատում իշխանությունների բարեփոխումներին, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգում է հակառակ էֆեկտը, թե առողջապահության ոլորտում, հարկային համակարգում ինչեր են կատարվում: Հնարավոր չէ՝ բարեփոխումներ իրականացվող երկրից մարդիկ արտագաղթեն։ Նույնիսկ ՀՀԿ-ականները հիմա ծիծաղելի դրության մեջ են ընկել։ Ասում են, թե օրենքով պետք է աշխատենք, այսինքն՝ մինչեւ հիմա օրենքո՞վ չէիք աշխատում։
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպե՞ս կարելի է հավատալ մի իշխանության, որը փողով ձայներ է գնում, մեղավորին՝ պարգեւատրում, իսկ անմեղին՝ պատժում։ Այս ամենը քաղաքականություն է, որով ուզում են հասարակությանը շփոթեցնել, իսկ մեզ չեն կարող շփոթեցնել։ Ձ֊եւականություն է այս ամենը, ուրիշ ոչինչ։ Մտածում եմ՝ մի 10 տարի էլ այսպես կլինի, քանի որ ժողովուրդը փող է վերցնում եւ իր ձայնը վաճառում։
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»