Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ԲՀԿ-ին. «Սիրելիներս, ո՞վ էր ձեզ խանգարում, որ վայր դնեիք պորտֆելները»

Հոկտեմբեր 09,2012 11:42

«Մարդիկ խոսում են ժողովրդի հետ կոալիցիա կազմելու մասին: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու բացառապես Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահը: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի»,- այսօր ՄԱԱ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով բյուջեի կատարողականի ակտիվ քննարկումներին, նա վստահեցրեց, որ դա իր մեջ պարունակում էր քաղաքական շոուի տարրեր, որովհետեւ հանձնաժողովներում քննարկումն այդքան ակտիվ չի եղել: Պարոն Շարմազանովի խոսքերով՝ հայտարարություն եղավ նաեւ այն մասին, որ «Եթե ԲՀԿ-ն մասնակցեր բյուջեի կատարողական քվեարկությանը, ապա դեմ կքվեարկեր կատարողականին, որովհետեւ անարդյունավետ է եղել: Նախ, ես հեռու եմ այդ տեսակետից, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն է: Ես ուզում եմ հարցնել՝ սիրելիներս, Դուք 2011-ին ունեցել եք 4 նախարարներ: Ձեր նախարարները ոչ մի կառավարության նիստին եւ ոչ մի որոշման դեմ չի եղել: Ո՞վ էր ձեզ խանգարում, որ վայր դնեիք պորտֆելները այն ժամանակ: Իսկ եթե դա ինքնախոստովանություն է, որ ձեր նախարարները վատ են աշխատել, դա արդեն ուրիշ օպերայից է»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք վստահ, որ բյուջեի կատարողականին դեմ լինելու կարծիքը միայն առանձին պատգամավորի տեսակետ է եւ դժվար թե այն ԲՀԿ պաշտոնական տեսակետ լիներ: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ հարց է առաջանում, եթե դու ասում ես անարդյունավետ աշխատանք է եղել, դու ունեիր 4 նախարարներ, ապա քո անարդյունավետ աշխատանքին ժողովուրդը ինչի՞ է այդքան ձայն տվել: Ասում եք՝ 500 հազար ձայն եք հավաքել: Ես իմ տրամաբանությամբ եմ մտածում, չեմ կարող անդրադառնալ մարդկանց տրամաբանությանը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես բանախոսը կմեկնաբանի ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն պետք է առանձին թեկնածուով հանդես գա առաջիկա նախագահական ընտրություններին, եւ եթե չլինի Ծառուկյանը, ինքը պատրաստ է լինել եւ պատասխանատվությունը իր վրա վերցնել: Էդուարդ Շարմազանովը  նորից վստահեցրեց, որ Վարդան Օսկայանի նկատմամբ որեւէ քաղաքական հետապնդում չկա. «Ես երեկ էլ եմ ասել՝ հարկ չեմ համարում մեկնաբանել ԲՀԿ առանձին գործչի քաղաքական ցանկությունները: Մեզ համար ԲՀԿ պաշտոնական տեսակետ եղել եւ մնում է Գագիկ Ծառուկյանի տեսակետը: Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը, բացի այն հայտարարությունից, որի տակ կա երեք ստորագրություն, որտեղ ասվում է, որ ԲՀԿ-ն պետք է սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլ հայտարարությամբ հանդես չի եկել: Իսկ Օսկանյանի կարծիքը իմ համար մասնավոր կարծիք է, որը ԲՀԿ-ի կարծիք չի»:Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ հաղթող ֆավորիտը գործող նախագահն է, որը մրցակցությունից դուրս է, իսկ հիմնական պայքարը գնալու է երկրորդ տեղի համար. «ՀՀԿ վարկանիշը եւ Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան մեծ է, որ անհոգ եղեք, Սերժ Սարգսյանը կվերընտրվի»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց. «Ադրբեջանը զինվում է եւ դա ապակայունացնող եւ վտանգավոր է տարածաշրջանի համար: չնայած դրան, ՀՀ-ն խաղաղ կարգավորման կողմնակից է: Միջազգային հանրություը պետք է լուրջ սանկցիաներ կիրառի Ադրբեջանի ռազմական հռետորաբանության եւ զինված գործողությունների դեմ:

Հռիիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031