Հայաստանի պետական պարտքը հունվար-սեպտեմբերին աճել է 10%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով։ Արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանը և ԿԲ-ին ստիպելու է երեք ամսում հայթայթել $63,3 մլն։ 2013թ. նույն նպատակի համար գործադիրը ստիպված է լինելու ներգրավել $479 մլն-ի վարկային միջոցներ։
Սեպտեմբերին դրամի 0,9%-ով արժևորումը նպաստել է ամսական կտրվածքով դրամային արտահայտությամբ պետական պարտքի 9 մլրդ-ով կրճատմանը, այն դեպքում, երբ դոլարային արտահայտությամբ պետպարտքը մեկ ամսում աճել է $16,6 մլն-ով կամ 0,4%-ով։ Եթե օգոստոսին պետական պարտքի հաշվարկման հիմքում դրվել է 409,12/$1 փոխարժեքը, ապա սեպտեմբերին՝ 405,5/$1-ը։
Համաձայն ֆինանսների նախարարության «ՀՀ պետական պարտքի տեղեկագիր. սեպտեմբեր» հրապարակմանը՝ սեպտեմբերին վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է $4,31 մլրդ, որից $3,74 մլրդ-ը արտաքին պարտքն է։
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի պետպարտքն աճել է 4,5%-ով ($187,3 մլն-ով), արտաքին պարտքը՝ 5%-ով ($172,5 մլն-ով)։ Կառավարության արտաքին պարտքը ինն ամիսներին աճել է 6,6%-ով ($195,1 մլն-ով), Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կրճատվել է $22,6 մլն-ով։
Պարտքի հույսին
Այս տարվա ինն ամիսներին արտաքին աղբյուրներից Հայաստանը ներգրավել է $279,1 մլն-ի վարկային միջոցներ կամ տարվա կտրվածքով կառավարության կողմից ծրագրված ցուցանիշի մոտ 55%-ը։ Կառավարությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին արտաքին աղբյուրներից ներգրավել է $231,1 մլն կամ ծրագրված ցուցանիշի 70%-ը։ Նոր պարտքի ներգրավման հետ մեկտեղ հունվար-սեպտեմբերին $150 մլն-ն ուղղվել է նախկինում ներգրավված պարտքի սպասարկմանը, որից $114,8 մլն-ը՝ մայր գումարների մարմանը։
Այս տարվա ընթացքում ծրագրված է արտաքին աղբյուրներից ներգրավել ընդհանուր առմամբ $509 մլն-ի վարկային միջոցներ, իսկ արտաքին պետական պարտքի գծի սպասարկմանն ուղղել $265,3 մլն ($193,7 մլն՝ հիմնական գումարի մարմանը, մոտ $71,6 մլն՝ տոկոսավճարներին)։
Ստացվում է, որ արտաքին պետական պարտքի սպասարկման բեռի 44%-ը կամ $115,3 մլն-ը բաժին է ընկնելու տարվա վերջին երեք ամիսներին։ Եթե անգամ այս տարվա դեկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կհատկացնի $52 մլն, կառավարությունը արտաքին պարտքի սպասարկման համար պետք է ներգրավի ևս $63,3 մլն։ Բացի այդ՝ դեֆիցիտի ֆինանսավորման համար գործադիրը $80 մլն նոր միջոցների կարիք է զգալու։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ արտաքին պարտքի ներգրավումը պարզապես վերածվում է անհրաժեշտության։ Հունվար-սեպտեմբերին ներքին և արտաքին պարտքի հաշվին ֆինանսավորվել է պետբյուջեի ծրագրված 132,5 մլրդ դեֆիցիտի 64,5%-ը (85,5 մլրդ)։
Կառավարությանը նոր վարկային միջոցները մի կողմից անհրաժեշտ են արտաքին պարտքի սպասարկման համար, ինչը թույլ կտա խուսափել դեֆոլտից, մյուս կողմից էլ՝ պետք է ֆինանսավորել պետբյուջեի դեֆիցիտը՝ ծախսերի կրճատումը կանխելու համար։
Կառավարության խնդիրները միայն այս տարով չեն սահմանափակվում։ Ըստ 2013թ. բյուջեի նախագծի՝ գալիք տարի արտաքին պարտքի սպասարկմանը նախատեսվում է ուղղել $418,6 մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարմանը։ Այս նպատակի համար գործադիրը 2013թ. պետք է ներգրավի $479 մլն-ի վարկային միջոցներ։
CIVILVET