Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախագահԼյուդմիլա Սարգսյանը
– Դուք կողմ եք քվեարկել «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրությանը, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր որոշումը:
– Այո, ես կողմ եմ քվեարկել ՀԱՊԿ պայմանագրին, ինչն իմ կողմից առավել քան կանխատեսելի և հասկանալի քայլ էր: Իսկ խնդիրը շատ պարզ է` Հայաստանն ունի անվտանգության միջազգային երաշխիքներ ունենալու անհրաժեշտություն, ինչն այսօր կարող է ապահովել միայն Ռուսաստանի Դաշնության ընդգծված ազդեցությունն ունեցող կառույցը` ՀԱՊԿ-ն:
Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է լրջորեն խոսել այն մասին, թե ՆԱՏՕ-ն կամ Արևմուտքից ղեկավարվող այլ կառույց կապահովի Հայաստանի անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր արկածախնդրության դեպքում:
Կարդացեք նաև
– Այս արձանագրության դեմ հանդես եկողներն ասում էին, որ իրենք վիճարկում են ոչ թե Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարությունը, այլ այն, որ այս արձանագրությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:
– Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ամենալուրջ վտանգն այսօրվա անօրինակարգ իշխանությունների գոյությունն ու գործունեությունն է, և ոչ մի արձանագրություն ավելի չի վտանգում մեր ինքնիշխանությունն այնքան, որքան չընտրված իշխանությունը:
– Արդյո՞ք Ռուսաստանն` իր ներկայիս հակաժողովրդավարական համակարգով, հանդիսանում է այն կենտրոնը, որին կարող է ապավինել հայկական պետությունը:
– Եկեք խնդիրները հստակ ձևակերպենք և ամեն ինչին մեկ դիտանկյունից չնայենք: Ես նշեցի, որ ՀԱՊԿ-ն` որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական կառույց, մեզ համար զուտ անվտանգության երաշխիք է: Ես հիացած չեմ Ռուսաստանում տիրող կարգերից և չեմ գտնում, որ մենք ժողովրդավարությանն առնչվող հարցում պետք է հետևենք այդ երկրի «դրական փորձին»: Պարզապես Ռուսաստանը մեզ համար կանխատեսելի գործընկեր է:
Մենք գիտենք, թե ռուսներն ինչ են մեզանից ակնկալում, նրանց վարած խաղի կանոնները հասկանալի են, մինչդեռ նույնը չես ասի Արևմուտքի մասին: Ըստ էության, Արևմուտքի կողմից հրամցվող հիմնական գաղափարը, որը մեզ համար կարևոր արժեք է ներկայացնում, ժողովրդավարությունն է: Սակայն ժողովրդավարության կիրառման վերաբերյալ նրանք ունեն խիստ երկակի չափանիշներ:
Հասկանալու համար, թե ինչպիսի խտրական եղանակներով են վերջիններս գնահատում ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունների` «եվրոպական ստանդարտներին» համապատասխանության հարցը, պետք է ընդամենը վերհիշել «պրեսկոտյան» ընտրությունները և «Վիկիլիքսի» կատարած բացահայտումները: Անհերքելի է, որ ցանկացած երկրի ժողովրդավարական հաստատությունների ամենաառանցքային չափորոշիչն ընտրությունների ինստիտուտն է:
Եթե կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները կարող են Արևմուտքի համար ընդունելի լինել, ավելին` հովանավորվել այնպիսի երկրների կողմից, որոնք ունեն ժողովրդավարական արժեքային համակարգ, ապա դժվար է նրանց համարել վստահելի գործընկերներ և գլխով մխրճվել այն ցանցի մեջ, որը 2008-ից սկսած նրանք հյուսում են: Հայաստանի և հայ ժողովրդի այսօրվա բարոյալքված, հուսահատ վիճակի պատճառը ոչ թե քաղաքական կողմնորոշումներն են, այլ կատարելագործված մեխանիզմներով պարբերաբար կեղծվող ընտրությունները` ժողովրդավարության «ջատագով» Արևմուտքի անթաքույց և նվաստացուցիչ թողտվությամբ: Ժողովուրդը զրկված է ժողովրդավարության հիմնասյունը համարվող ելակետային իրավունքից` ընտրություններով իշխանության փոփոխության հնարավորությունից: Սա է մեր ամենամեծ դժբախտությունը:
– ՀԱԿ շատ անդամներ ևս բացասաբար են վերաբերվում Ձեր կատարած քվեարկությանը: Չե՞ք կարծում, որ սա կարող է նախագահական ընտրություններից առաջ դաշինքի ներսում պառակտում առաջացնել:
– Ես հասկանում եմ նրանցից շատերի տարակուսանքը: Մենք բոլորս արդեն երկար տարիներ պայքարում ենք հակաժողովրդավարական այս ռեժիմի դեմ, և մարդկանց մոտ բացասական լիցքեր են առաջանում ցանկացած հակաժողովրդավարական գործոնի նկատմամբ: Բայց, միևնույն ժամանակ, եկեք չմոռանանք, որ մեր երկրում ամուր և իրական ժողովրդավարական հաստատությունների կայացման համար հետաքրքրված չէ նախևառաջ Արևմուտքը:
Կոնգրեսի այդ նույն ակտիվը բազմիցս առիթ է ունեցել առերեսվելու այն փաստի հետ, որ Արևմուտքն իրականում ոչ թե Հայաստանում զարգացնում է ժողովրդավարական հաստատություններ, այլ այդ գործիքն օգտագործում է տարածաշրջանում իր քաղաքական շահերը սպասարկելու համար: Եկեք չմոռանանք, թե ինչպիսի ջանքեր է գործադրել նույն Միացյալ Նահանգները Հայ ազգային կոնգրեսը պառակտելու համար:
Չմոռանանք նաև փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի կողմից ԱՄՆ Պետդեպին ներկայացրած հաղորդումները, որոնցից ակնհայտ էր, թե ինչպիսի հրեշավոր, հակաժողովրդավարական համակարգ է տիրում Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է` Արևմուտքը հանդուրժում և անգամ հովանավորում է այս ռեժիմին, որովհետև ռեժիմի ազդեցիկ անդամների վրա իրենք ունեն հսկայածավալ կոմպրոմատ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ուզած որոշումները կորզել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում, կամ իրենց կողմից ֆինանսավորվող միջազգային կորպորացիաների միջոցով տիրանալ մեր երկրի ընդերքի բնական պաշարներին` հակառակ Հայաստանի ազգային շահերի:
Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ, ապա ես կողմ եմ քվեարկել Հայաստանի անվտանգության համար կնքվող պայմանագրին: Ինչ վերաբերում է Հայաստանում իրական ժողովրդավարական կարգերի հաստատմանը, ապա դրա համար ոչ թե պետք է կողմնորոշվել դեպի հյուսիս կամ դեպի արևմուտք, այլ առարկայական ջանքեր գործադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման համար:
– Բայց չէ՞ որ Ռուսաստանը ևս տիրացել է մեր էներգետիկ և հանքահումքային ռեսուրսներին և ամեն կերպ փորձում է Հայաստանին կախման մեջ դնել իրենից: Հիշենք միայն «Գույք` պարտքի դիմաց» ծրագիրը: Արդյո՞ք այդպիսի Ռուսաստանը վստահելի գործընկեր է:
– Ես ասեմ ավելին` ինձ համար անընդունելի է ոչ միայն էներգետիկ և ռազմավարական ենթակառուցվածքներն այլ երկրի տնօրինմանը տրամադրելը, այլև Ռուսաստանի կողմից իրականացվող, այսպես կոչված` «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը: Փորձելով կարգավորել իր դեմոգրաֆիական հարցերը, Ռուսաստանը ազգային անվտանգության լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Սակայն այդ ամենը կարգավորվող հարցեր են: Դրա համար պետք է ընդամենն ազատվել այս ապաշնորհ, հակապետական ռեժիմից: Երբ մի երկրի իշխանություններ փաստացի զբաղված են արտագաղթը խրախուսելու գործով, խնդրի լուծումը պետք է գտնել երկրի ներսում:
– ԱԺ-ում Ձեր գործունեության ընթացքում դուք առաջնորդվում եք Ձեր գլխավորած կուսակցության դիրքերի՞ց, թե՞ Կոնգրեսի: ՀԱԿ-ի վերնախավից շատերը կարծես թե դժգոհում են, որ Դուք առավելապես առաջնորդվում եք` կուսակցական առաջնահերթություններից ելնելով, քան ՀԱԿ-ի շահերով:
– Ցուցակում ընդգրկվելիս մեր կուսակցության և անձամբ իմ դիրքորոշումները հայտնի են եղել: ՀԱՊԿ-ի պայմանագրի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս ես առաջնորդվել եմ այն կանխատեսելի մոտեցմամբ, որն արտահայտել եմ իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում: Գտնում եմ, որ քաղաքական գործիչը պետք է ունենա այնքան լրջություն, որպեսզի պահպանի քաղաքական կայունություն` կանխատեսելով իր նկատմամբ հնարավոր դժգոհություններն ու անգամ հարձակումները: Չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ձգտել պահպանել հավասարակշռություն:
«168 ԺԱՄ»