Իտալիայում խոսքի ազատությունը խոչընդոտելու սկանդալային դեպք է արձանագրվել:
«Ուդինեզեին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, «Նապոլիի» պաշտպան Սալվատորե Արոնիկան անսպասելի հարձակվել է մամուլի ներկայացուցիչներից մեկի վրա: «Ես քեզ կսպանեմ», – բղավել է ֆուտբոլիստը եւ մոտենալով հեռուստաօպերատոր Անտոնիո Կորրադոյին, նախ երկու անգամ ապտակել է, ապա հարվածել արմունկով, ինչն արգելված է անգամ որոշ խառը մարտարվեստներում: Բարեբախտաբար, բանը սպանության չի հասել:
Ֆուտբոլիստի՝ այդպիսի ագրեսիվ պահվածքի համար, հավանաբար, պատճառ հանդիսացել են հեռուստաօպերատորի արտահայտությունները, որ նա ժամանակ առ ժամանակ անում է «Twitter»-ում: Մասնավորապես, Կորրադոն գրել է, թե «բարեբախտություն է, որ Արոնիկան քիչ է խաղում», նրա վնասվածքը «լավ նորություն» է համարել, ակումբի ղեկավարներին հորդորել է «ազատվել Արոնիկայից»:
Այդուհանդերձ, պաշտպանը որոշ ժամանակ անց մոտեցել է հեռուստաօպերատորին եւ ներողություն խնդրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ