Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են

Հոկտեմբեր 08,2012 22:35

Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ`  առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ թեկնածուի միջեւ: «Լեւոնական ընդդիմությունը մահացած է:  Նա վաղուց էր մահացել, ուղղակի դրա մասին քչերը գիտեին, հիմա բոլորը ակնհայտ տեսնում են:  Մյուս ընդդիմության ձեւաչափերը, որ երբեւիցէ  գոյություն  են ունեցել՝ Դաշնակցություն, «Ժառանգություն», դրանք չկան, համարյա լուսանցքային վիճակում են:  Հետեւաբար շարունակվում է նույն երեւույթը, որ  Հայաստանի գործող իշխանությանը ձեռնոց է նետում միայն երեկվա  իշխանությունը, որովհետեւ միայն նա ունի դրա ֆինանսական ռեսուրսները եւ ինչ-որ կազմակերպչական կապեր է պահել վերնախավային շերտերում,  բիզնես շրջանակներում: 2-րդ  տեղի թեկնածուին Ռոբերտ Քոչարյանն է որոշելու, կարող է անձամբ առաջադրվի, հնարավոր է Օսկանյանին կամ Ծառուկյանին  առաջադրի կամ էլ այլ թեկնածու»,- Aravot.am-ին ասաց պարոն Աղայանը:

Նրա խոսքերով,  իշխանություններին հաջողվեց փչացնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի իմիջը. «Վարդան Օսկանյանը  որպես Քոչարյանի գործիք էր շրջանառության մեջ էր դրվել: Այդ ֆիգուրը  Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ ինքը  չէր կարող ընդդիմադիր զանգվածին գրավել.  հռետոր չէ, մարտի 1 կա նրա  վզին:  Իսկ  Օսկանյանը ամերիկյան իր իմիջով, խոսելաոճով, իր «Սիվիլնեթով» կարող էր ընկալվել որպես կոմպրոմիսային ֆիգուր, որին համ ԲՀԿ-ին փողով ընտրողները կքվեարկեին,  համ էլ այն ընդդիմադիրները, որոնք ուրախանում էին, որ «Սիվիլնեթը» պաշտպանում է էկոլոգիական կամ Վահե Ավետյանի հետ կապված շարժումները: Իշխանությունները սա նկատեցին ու  որոշեցին փչացնել այդ կերպարը:  Ի՞նչ ազգային գործիչ ես, երբ օտար աղբյուրը քեզ միլիոնով ֆինանսավորում է: Բացի դրանից,  իշխանությունները Ռուսաստանին ցույց տվեցին, թե` տեսեք, ձեր ընկեր  Քոչարյանը ինչ ամերիկամետ գործիչով է խաղում, իսկ Ամերիկային էլ  ցույց տվեցին, թե  ձեզ միայն թվում է, որ Օսկանյանը  ձեր տղան է, նրա հետեւում Քոչարյանն է: Օսկանյանի ֆիգուրը ժամանակից շուտ բացասական երանգով շրջանառության մեջ դնելով՝  շատ խաղաքարտեր խառնեցին իրար»:

Պարոն Աղայանը  չբացառեց, որ Օսկանյանը խելոք վարվելու դեպքում կարող է  իր դեմ սկսված հետապնդումից օգուտով դուրս գալ.«Մյուս կողմից իշխանությունները իրենց ձեռքում պահում են Օսկանյանին ծայրահեղ դեպքում խաղից շատ կոպիտ հանելու հնարավորությունը՝ ձերբակալելու կամ այլ ձեւով: Այլ հարց է, որ նա,  իհարկե, ընդդիմադիր չէ, որովհետեւ չկա մի հարց  հայ ժողովրդի ներկային, ապագային վերաբերող, որ  Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը  տարբեր կարծիք ունենան: Այսօր նրանք բոլոր հարցերով նույն  կերպ են մտածում , նույն դիրքորոշումն  ուննեն, պարզապես  իշխանության կռիվ է: Մարդիկ խաղից դուրս են հայտնվել, ուզում են վերդառանալ խաղի, իսկ աթոռները քիչ են: Նորից կրկնեմ, որ այսօրվա հիմնական առճակատումը, ինչպես միշտ,  դարձյալ նախկին ու ներկայիս իշխանավորի միջեւ է: Ուղղակի նախկին իշխանավորի դերում հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, Քոչարյան  Ռոբերտն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031