«Parada» ֆիլմի Հայաստանում ցուցադրության դեմ այսօր «Հայազն» միությունը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեց: Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող այդ սերբական ֆիլմի ցուցադրությունները Երեւանում Գերմանիայի դեսպանությունը եւ ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 15-16-ին եւ «The club»-ում այսօր:
Ակցիայի մասնակիցներին դեսպանատնից ոչ ոք չլսեց, իսկ արդեն The club-ում նախատեսված ֆիլմի ցուցադրության մասին բացատրություններ տվեց ակումբի մենեջերը.«Գերմանիայի դեսպանատունն ինձ դիմել է, խնդրել ռեզերվ անեմ, որ ինչ-որ ֆիլմ ցուցադրեն, բայց ինչ ֆիլմ է , չգիտեմ, հետո հետաձգել են»:
«Հայազն» միության անդամ Արմեն Աղայանն էլ Aravot.am-ի զրույցում նկատեց, որ վերջին տարիներին ԵՄ-ն Հայաստանում քարոզում է միասեռականների շահերի պաշտպանության պայքար. «Վարձու կազմակերպություններ են ստեղծվել այդ խնդրով զբաղվող եւ պաշտպանում են գոյություն չունեցող միասեռականների իրավունքները: Արհեստական խնդիր է Հայաստանի վզին փաթաթված: Եվրոպացիները իրենց հորինած մարդու իրավունքներից հատկապես այս մի անբարոյական կետն են որոշել մինչեւ վերջ պաշտպանել»: Մանրամասները` տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ