Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստին մոտ 4 ժամ պարզաբանում էին` թե ի՞նչ է ջրծաղիկը

Հոկտեմբեր 08,2012 20:31

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից նախորդ տարի մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատավարության հերթական նիստը: Նշենք, որ հայցվոր կողմը մեղադրում է հոսպիտալի բժիշկներին` Մինաս Մկրտչյանին եւ  Միքայել Միքայելյանին անտարբերության մեջ, քանի որ զինծառայողը երկար ժամանակ մնացել է հոսպիտալում եւ նրա մոտ ջրծաղիկի նախանշաներ են եղել, մինչդեռ բժիշկները համապատասխան բուժում չեն կատարել, ինչի հետեւանքով, ըստ մահացածի իրավահաջորդի` Հայկի հոր, տղան ընկել է ցնցումների մեջ ու արդեն  շատ ծանր վիճակում տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Այսօր մեղադրող կողմին պետք ներգրավվեր 2-րդ դատախազը` Մանվել Գրիգորյանը, ուստի միջնորդություն ներկայացվեց նիստը հետաձգվելու համար, որպեսզի Մանվել Գրիգորյանն էլ ծանոթանար նյութերին: Սակայն դատավոր Վոլոդյա Գրիգորյանը մերժեց միջնորդությունը, քանի որ դատախազը ընդամենն ինչ-որ հանձնարարականի փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, այլ ոչ թե` լիազորագիր: Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի` Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչը փաստաբան Մուշեղ Մուշանյանն էր, որը այս անգամ էլ մեղադրեց դատախազին, ասելով որ նա` որ դատախազ Մելիք Սարգսյանը, մեղադրյալների հետ գնացել է գործարքի. «Նախապես առաջադրված մեղադրանքը հետագայում փոփոխվել է»: Մահացած զինծառայողի հայրը դատական նիստի ժամանակ  պարբերաբար դատախազին եւ ամբաստանյալներին մեղադրում էր, որ նրանք կաշառվել են եւ կաշառել են բոլորին, անգամ վկաներին. «Էս ի՞նչ ա, թուրքական դատարա՞ն ա, դուք զինվորի արյուն խմող եք, ամոթ է, դուք մարդ չեք, դուք սողուն եք»: Դատավորը պարբերաբար փորձում էր հանգստացնել որդեկորույս հորը, եւ նախազգուշացրեց, որպեսզի նիստերը չխանգարի: Սրան ի պատասխան, Մովսես Խաչատրյանն ասաց. «Տո ձերբակալեք, ինչ ուզում եք` արեք, կգնամ նախագահականի մոտ կնստեմ: Բոլորդ էլ ծախված եք»:

«Դատավորն էլ մարդ է, մենք ձեր վիշտը հասկանում ենք, բայց պետք չէ նիստը խանգարել եւ լուտանքներ ասել մարդկանց հասցեին, որոնք նույնիսկ մահացածի բուժման հետ կապ չեն ունեցել»,-ասաց դատավորը:

Այսօրվա նիստին հարցաքննվեցին գործող 2 վկաներ`որպես փորձառու վարակաբաններ, որոնք ծանոթացել են տուժողի հիվանդության պատմությանը: Նկատենք, որ վկաները մանրամասն հարցաքննվեցին եւ կարելի է ասել`մի քանի ժամանոց դասախոսություն լսվեց ջրծաղիկ հիվանդության եւ դրա բոլոր դրսեւորումնների մասին: Մահացածի հայրը պարբերաբար տեղից վրդովված բացականչում էր, որ հոպիտալում գտնվելու ժամանակ որդու մարմնի տարբեր հատվածներում ամսի 12-ից բշտիկներ են եղել, իսկ բժիշկները բանի տեղ չեն դրել ու նրան Նորքի հիվանդանոց են տեղափոխել 15 օր հետո: Վկաների խոսքից էլ պարզ էր դառնում, որ մահացած զինծառայողի մոտ  ջրծաղիկի նախանշաններ հայտնաբերելուց հետո լավ կլիներ նրան բուժել մասնագիտացված հիվանդանոցում, չնայած, ըստ մասնագետների, լինում են դեպքեր եւ ջրածաղիկն ընդամենը կարելի է բուժել մեզ բոլորիս հայտնի` «զելյոնկայով»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031