Մինչ Վարդան Ղուկասյանը` որպես Գյումրու քաղաքապետ, երեկ վերջին անգամ նշում էր իր կողմից հիմնած «Գյումրվա օրը», տոնակատարությանը մասնակցող գյումրեցիների շրջանակում համառ լուրեր էին պտտվում այն մասին, որ նրա որդի Սպարտակը ևս մեծ ճոխությամբ նշում է նույն տոնը: Միայն թե, ըստ տարածված խոսակցություների, կրտսեր Ղուկասյանը այն տոնում է Բաթումիի շքեղ հյուրանոցներից մեկում` «Շերատոնում»` իր 5-6 ընկերների հետ:
Նշենք, որ 5 աստղանի «Շերատոն» հյուրանոցը գտնվում է Բաթումիի կենտրոնում, Սև ծովից 200 մետր հեռավորության վրա և ամենաէժան սենյակը մեկ օրվա համար արժե 189 դոլար:
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը, և մի՞թե Ղուկասյանի որդու նկատամամբ դադարեցվել է հետախուզումը, որ վերջինս իր ժամանակը, առանց ոստիկաններից կաշկանդվելու, հանգստավայրերում է անցկացնում, այս հարցերի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից: Ոստիկանապետը նախևառաջ փոխանցեց, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված չէ , և որ ինքը նման լուրեր չի լսել: «Ինչ ասես կարող են խոսել, ես առաջնորդվում եմ ճշմարիտ հիմքերով, ոչ թե նմանատիպ խոսակցություններով, նրա նկատմամբ հետախուզումը դադարեցված չէ , ուրեմն պատկերացրեք, թե այդ խոսակցությունները որքան անհեթեթ են կարող են լինել»,-ասաց ոստիկանապետը:
Ավելի վաղ Ազգային ժողովում Վարդան Ղուկասյանը կատակել էր` լրագրողներին ասելով, որ իր տղա Սպարտակը գնացել է արջ բռնելու, և հենց եկավ, առաջինը այդ մասին լրագրողներին կասի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ