Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրել առանց սիրո, նշանակում է գոյատեւել անշունչ, անհոգի». 65-ամյա կինը 20 տարի է` «չի ապրում»

Հոկտեմբեր 08,2012 18:10

65-ամյա կնոջ համար կյանքը վաղուց կանգ է առել. չկա ամուսինը, չկա նաեւ ինքը: Ամուսինը մահացել է երիտասարդ տարիքում, երբ նրանց երկու որդիները դեռ փոքր էին: «Ամուսնուս մահն ինձ համար ոչ այլ ինչ էր, եթե ոչ դժբախտություն, հուսահատություն եւ նրա հետ մահանալու ցանկություն: Ապրել առանց սիրո, նշանակում է գոյատեւել անշունչ, անհոգի »,- ասում է տիկին  Լաուրա: Նրա ամուսինը ավտովթարի զոհ էր դարձել: Վերջինիս կորուստը մի կողմից հուսալքություն, մյուս կողմից ուժ էր տալիս ապրելու. «Ես թուլանալու իրավունք չունեի: Մենք երկու որդի ունեին, որոնք այդ ժամանակ գլխի էլ չէին ընկնում, թե ինչ է կատարվում»: Եվ հենց այդ ժամանակ էլ Լաուրան ամուսնու շիրմին խոստանում է մնալ հավատարիմ, ինչ էլ որ պատահի: Պահել փոքրիկներին միայնակ, մեծացնել եւ հասցնել իրենց նպատակին: « Ողջ կյանքս ապրել եմ երեխաներիս սիրով: Արել եմ ամեն հնարավորն ու անհնարինը նրանց կարիքները հոգալու, լավ մարդ դաստիարակելու համար, թեեւ ողջ ընթացքում զգալով ամուսնուս բացակայությունը»,- ասում է նա: Լաուրայի հարեւաննները նրան շատ էին սիրում ու գնահատում, երբեմն նաեւ օգնում՝ կնոջը տրամադրելով մթերքներ պահածոյի համար: Լաուրայի երկրորդ մեծ հարվածը եղել է փոքր որդու մահը. «Տիգրանս 16 տարեկան էր, երբ իմացանք, որ գլխին ուռուցք ունի: Մինչեւ վերջին րոպեն չեմ հավատացել, որ կարող է կորցնեմ որդուս: Միշտ հույս կար, որ տղաս ապրելու է, որ հիվանդությունը իրենից ուժեղ լինել չի կարող»,-ասում է տիկին Լաուրան: Կարոտով ու մեծ սիրով է խոսում այս որդու մասին, մինչդեռ մեծ տղայի մասին լսել անգամ չի ուզում. «Մեծ տղաս Ռուսաստանում է ամուսնացել՝ ռուս կնոջ հետ, որը մեկ երեխա ուներ նախքան տղայիս հանդիպելը: Ես դեմ էի այդ միությանը: Երբ տղաս զանգեց ու հայտնեց այդ մասին, ես հավանություն չտվեցի այդ որոշմանը: Նա էլ ասեց, թե որոշումն իմն է, նա կարող է տոմս առնել ինձ համար, եւ ես ներկա գտնվեմ իրենց հարսանիքին, բայց ես հրաժարվեցի: Ես այնքան դժվարությամբ էի իրենց մեծացրել, որ ուզում էի մի կարգին հայ աղջիկ ընտրեր իր համար եւ վերջապես վերադառնար Հայաստան: Բայց այս ամուսնությունը վերջնականապես նրան պահեց հայրենիքից հեռու»,- ասում է տիկին Լաուրան: Նա պնդում է, որ տղան շատ է օտարացել, հազվադեպ է զանգում, իսկ Հայաստան էլ տարիներով չի գալիս: «Արդեն 20 տարի է՝ ես չեմ  ապրում. ես գոյատեւում եմ: Հիմա ես լրիվ միայնակ եմ, բայց եթե ժամանակը հետ պտտեինք, ես կրկին այս կերպ կապրեի: Ես սիրում էի իմ ամուսնուն, սիրում էի իմ զավակներին-,ասում է նա, այնուհետեւ քթի տակ մրմնջում,- Տիգրանս ուրիշ էր. Աստված Տիգրանիս չպետք է տաներ»:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031