Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան – 2794» տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14 –ին նախատեսված տոնական միջոցառումների ծրագիրը: Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված հանդիսություններն այս տարի նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Տոնական միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին`պատմական և ժամանակակից Երևանի մասին պատմող ցուցահանդեսներով: Հոկտեմբերի 14-ին նախատեսված միջոցառումների տոնական ուրախ մթնոլորտը կթևածի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հանդիսություններ կանցկացվեն բազմաբնույթ ու բազմաբովանդակ թվով 26 բեմահարթակներում: Այդ օրը փոքր կենտրոնը երթևեկության համար փակ կլինի սկսած առավոտյան ժամը 08:30-ից: Նախ ջրցան մեքենաներով կմաքրվեն Երևանի փողոցները, այնուհետ բուհերի ուսանող կամավորների օգնությամբ կլվացվեն հուշարձանները, որից հետո կսկսվեն բուն տոնական միջոցառումները։ Մեկնարկը կտրվի թատերականացված ներկայացմամբ`Էրեբունի արգելոց – թանգարանի հարակից հրապարակից: Ժամը 14-ին Ռուսաստանի հրապարակից կմեկնարկի տոնական շքերթը, որի մասնակիցները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքից հետո, երթով կուղևորվեն դեպի Հանրապետության հրապարակ: Այդ օրը հայտնի կդառնան նաև մայրաքաղաքի նոր պատվավոր քաղաքացիների անունները: Հաշվի առնելով նաև 2012 թվականին Երևանի`գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու հանգամանքը, կկազմակերպվեն բացօթյա գրական ցերեկույթներ: Հանդիսությունների շրջանակում տեղի կունենան մարզա-մշակութային բազմաթիվ միջոցառումներ, կրկեսային ու թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն ավիամոդելավորողների և վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ, նաև բիենալե, մարաթոնյան ու հեծանվային վազք։
Ավանդույթի համաձայան օրվա գլխավոր միջոցառումը , որն այս անգամ կրելու է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը, կանցկացվի Հանրապետության հրապարակում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Երեկոյի գեղարվեստական մասը կապահովեն նաև արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ: Միջոցառման ավարտին կլինի տոնական շքեղ հրավառություն, որին կհաջորդի երիտասարդական դիսկոտեկը: «Էրեբունի-Երևան 2794» -ի կազմակերպիչները հոգացել են , որ տոնական միջոցառումները հնարավորին գրավիչ ու հետաքրքիր լինեն և բավարարեն ամենատարբեր նախասիրությունների տեր մ,արդկանց պահանջը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն