Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայանը. «Քաղբանտարկյալների ԵԽԽՎ սահմանումը միայն քաղաքական գործիչների համար չէ»

Հոկտեմբեր 08,2012 17:27

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 3-ին ընդունեց բանաձեւ, որով սահմանվեցին «քաղբանտարկյալ» հասկացության բնորոշումները: Ըստ այդմ, «քաղբանտարկյալ է համարվում ազատությունից զրկված անձը, եթե

– ազատազրկումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից (մտքի, խղճի, կրոնի ազատություն, կարծիք հայտնելու եւ տեղեկատվություն տալու ազատություն, ինչպես նաեւ հավաքների ու միավորումների ազատություն) մեկի խախտմամբ

– ազատությունից զրկվել է այնպիսի պայմաններում, երբ ազատությունից զրկումն իրականացվել է ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որեւէ իրավախախտման հետ առնչություն ունենալու

– ազատազրկման տեւողությունն ու պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են իրավախախտմանը, որի համար անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել

– ազատությունից զրկվել է այլ անձանց հետ համեմատած խտրական հիմքերով»:

Այս կապակցությամբ ԵԽԽՎ-ն Եվրախորհրդի անդամ բոլոր երկրների իրավասու մարմիններին առաջարկում է «կրկին ուսումնասիրել բոլոր այն գործերը, որտեղ, հնարավոր է, խոսքը քաղբանտարկյալների մասին է, կիրառելով վերը ներկայացված չափորոշիչները եւ կախված արդյունքներից` կամ ազատել ազատազրկվածներին, կամ էլ` իրականացնել կրկնակի դատական քննություն»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քաղաքական հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով ներկայացուցիչ է՝ այս սահմանման կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Հղում արվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, բայց չմատնանշվեցին Կոնվենցիայի կոնկրետ հոդվածները: Բայց ընդհանուր համատեքստից արդեն պատկերացնում ենք, թե դրանք Կոնվենցիայի որ հոդվածներն են, ասենք՝ 10-ը (Արտահայտվելու ազատություն), 11-ը (Հավաքների և միավորման ազատություն), 14-ը (Խտրականության արգելում):

Հիմա խնդիր է առաջանում՝ արդյոք բոլո՞րը պետք է քաղաքականությամբ զբաղվեն, որ տվյալ պետությունում, եթե կալանավորվեն եւ դատվեն, ՄԻԵԴ-ը ճանաչի ու գտնի, որ սխալ են դատել եւ այս հոդվածները, որ ԵԽԽՎ-ի սահմանման մեջ են, եւ իրենք կոչվեն քաղբանտարկյալներ: Միայն քաղաքական գործիչների համար չի: դա Այ, օրինակ, կարող են մտնել եկեղեցի, ոնց որ Ռուսաստանում արեցին «Pussy Riot» խմբի անդամները, այ նման արարքներ անեն եւ հետո դատվեն ու դիմեն Եվրոդատարան եւ կմտնեն, ասենք՝ կոնկրետ 14-րդ հոդվածի տակ, եւ կդառնան քաղբանտարկյալներ:

Կարող են երթեր, միտինգներ ուզենալ անել միասեռականները, պետությունը չի թողնի, կդատվեն, հետո կդիմեն Եվրոդատարան եւ կկոչվեն քաղաքական հալածյալներ:

Ըստ այդմ՝ ճիշտ չէ, թե ԵԽԽՎ-ն, որպես քաղաքական մարմին, քաղաքական գործիչների համար է այս  սահմանումն արել եւ առանց վերապահման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031