Հոկտեմբերի 17-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա Ռուսական բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովայի «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագիրը, որում զետեղված են լինելու բոլորովին նոր համերգային համարներ:
«Արմենպրեսի» թղթակցի հետ խոսելով կայանալիք համերգի գաղափարի մասին՝ Վոլոչկովան ասել է. «Բանն այն է, որ ես Երեւանում վաղուց չէի եղել, իմ նախորդ երեւանյան համերգային ծրագիրն ուներ դասական հիմք: Ինձ Երեւանի հետ, իհարկե, կապում է շատ մեծ մարդկային ընկերությունը: Իմ կյանքում շատ հայ մարդիկ կան, շատ վառ, հետաքրքիր մարդիկ: Ընկերներիս մի մասը Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներն են, ինձ մեծ ընկերություն է կապում նաեւ հրաշալի երգահան Արա Գեւորգյանի հետ, ով հատուկ ինձ համար գրել էր երաժշտություն, որն իմ համերգային ծրագրում դարձավ հատուկ` «Ոսկյա վանդակ» պարային համարը»: Հայաստանում Վոլոչկովային ավելի շատ դուր են գալիս մարդիկ, և նրանց հյուրընկալությունը. «Ես հստակ չեմ հիշում անվանումը, սակայն իմ` Երեւանում գտնվելու ժամանակ այցելեցի մի վանք, որը, իհարկե, ծանոթությունների եւ ինքնագրեր բաժանելու վայր չէ, բայց այն հանգամանքը, թե ինչպես մարդիկ ինձ դիմավորեցին այնտեղ, մեծ հետք թողեց հոգուս վրա», – նշել է նա:
Տիգրանուհի Թասլակյան