Այսօր «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների հավանական արդյունքներին, ասուլիսում ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ընդդիմադիր դաշտում առավելությունը Գագիկ Ծառուկյանինն է, մյուս հավանական թեկնածուների շանսերը, ըստ հարցման` գնահատվում են այսպես. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 1,8%, Լևոն Տեր –Պետրոսյան՝ 0,6%, Վահան Հովհաննիսյան՝ 1,0%, Արմեն Ռուստամյան՝ 0,1%:
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ա. Ադիբեկյանի ներկայացրած թվերը մո՞տ են իրականությանը: Պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այս թվերը որևէ ձևով ինձ վստահություն չեն ներշնչում մի քանի պատճառով: Նախ՝ քաղաքականապես ճիշտ չեն ասում, բոլորովին այլ իրավիճակ է: Մյուս կողմից էլ՝ պարոն Ադիբեկյանի ասածները վերջում գրեթե պաշտոնական թվեր են դառնում: Որպես որոշակի կողմնորոշում, քաղաքական գործունեության մաս, իհարկե նրա ասած թվերը որոշակիորեն մտածելու տեղիք են տալիս և ըստ դրանց՝ կարելի է կողմնորոշվել, թե իշխանությունները ինչ թվեր են ցանկանում տեսնել և այն պատվիրատուն, ով նման հարցումներ է պատվիրում: Ասեմ, որ քաղաքական առումով որոշակիորեն սխալ է թույլ տրված, քանի որ ԲՀԿ-ն բազում անգամներ հայտարարել է, որ այլըտրանք է, ընդդիմություն չէ, չգիտեմ՝ ինչու են ցանկանում «Բարգավաճից» ավելի կաթոլիկ լինել»:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ ներկայացված թվերը մեծ աղմուկի պատճառ չեն կարող լինել: Պարզապես նման քայլ է արվում հասարակությանը որոշակիորեն ապակողմնորոշելու համար:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց ստանալ նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունները Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալների վերաբերյալ: Մեզ հետ զրույցում պրն Հովհաննիսյանն ասաց. «Դա ինձ չի հետաքրքրում և չեմ ցանկանում մեկնաբանել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ