Սիսիանի տարածաշրջանի բարձր-լեռնային, սահմանամերձ Թանահատ գյուղն արդեն 3 տարի է դարձել է ժամանակավոր կեցության բնակավայր բնակիչների համար: Գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին փակ լինելու պատճառով՝ թանահատցիները լքել են գյուղը եւ հաստատվել Բռնակոթ, Աշոտավան գյուղերում եւ Սիսիան քաղաքում: Մի քանի տարի է ինչ գյուղում մշտական ապրողներ այլեւս չկան, բնակիչները գյուղ են գնում միայն բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, դաշտավարության գործերի, խոտհունձի եւ բերքահավաքի սեզոններին, իսկ տարվա մնացած սեզոններին իջնում են այլ բնակավայրեր:
«Թանահատը դարձել է սեզոնային բնակության վայր: Ընդհանուր 76 բնակիչ կա գյուղում գրանցված, որոնցից ոչ մեկը գյուղում այլեւս մշտապես չի ապրում: Ի սկզբանե բնակիչները Թանահատում են ապրել, բայց, քանի որ բարձր-լեռնային գյուղ է` 1920 մ բարձրության վրա գտնվող, ձմռանը ճանապարհը փակվել է, բացելու խնդիր է եղել, այդ հարցը չի լուծվել, դրա համար մարդիկ իջել են գյուղից ու էլ չեն բարձրանում, միայն սեզոնային են գալիս ու գնում: Սիսիան քաղաքից 19 կմ հեռավորության վրա է գտնվում, ճանապարհը հաճախակի էր փակվում, մշտական տեխնիկա պետք է լիներ, որ մշտապես մաքրի ճանապարհը ձյունից: Ժամանակին Թանահատում անասնապահական ֆերմա է եղել, որը 1991թ-ից մինչեւ վերջին 3 տարիները գործում էր գյուղում եւ տնօրենի միջոցներով ճանապարհը բացվում էր, բայց արդեն 3 տարի է ֆերման նույն դժվարություններից ելնելով փակվել է, բնակիչներն էլ ֆերմայի փակվելուն զուգահեռ իջել են գյուղից», – նշեց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանը:
Գյուղում դպրոց չի եղել, ժամանակին երեխաները հարեւան Աշոտավան գյուղի դպրոց էին հաճախում, իսկ վերջին տարիներին գյուղում արդեն ապրում էին այն ընտանիքները, որոնք դպրոցահասակ երեխաներ չունեին, երտասարդ ընտանիքներ Թանահատում գրեթե չէր մնացել: Թեեւ գյուղը հիանալի վայր էր անասնապահության զարգացման համար, բայց գյուղացիների համար դժվար էր գյուղում ստեղծածը իրացնել հեռավոր շուկայում:
Այն որ, ճանապարհի խնդիրը վաղ թե ուշ կբերեր գյուղի դատարկման, հենց այն գլխից էլ պարզ էր, բայց ոչ մի քայլ չձեռնարկվեց սահմանամերձ գյուղը դատարկվելուց փրկելու համար, այնինչ այդ խնդրի մասին շատերը գիտեին եւ համապատասխան մարմիներն էլ տեղյակ էին դրան:
Կարդացեք նաև
1991թ-ից բնակեցված այս գյուղի նախկին կենդանությունը վերականգնելը գյուղապետն արդեն ուշ է համարում, թեեւ մեկ ելք կարծես տեսնում է: «Հիմա արդեն ուշ է, ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար, մարդիկ իջել են գյուղից: Նույնիսկ Աշոտավանից դեպի Սիսիան ճանապարհը չի բացվում, ի՞նչ հարց բարձրացնես սահմանամերձ գյուղի համար, մարդիկ իրենց մշտական բնակության վայրը լքել են արդեն: Ներկա պահին խնդրի լուծման ելքը միայն տեսնում ենք հարեւան Արավուս գյուղում բացվող ոսկու հանքի գործարկման հետ: Պեղումները կատարված են, նորից շարունակվում են, եթե բացվի, ապա որպես մոտիկ` 4-5 կմ հեռավորության վրա գտնվող հարեւան գյուղ, բնակիչները կգան ու կբնակվեն, կանցնեն աշխատանքի, ստիպված չեն լինի այդքան հեռավորություն կտրել-անցնել ամեն անգամ: Արավուս-Թանահատ ճանապարհը միշտ գործում է, խնդիր չի լինի: Միայն հանքի գործունեության դեպքում շատ հնարավոր է գյուղը բնակեցվի` հանքին մոտ լինելու պատճառով: Ամեն դեպքում լավատես ենք, հուսանք որ լավ կլինի», – հավելեց Թանահատի գյուղապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ