Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական նոր կառավարության կազմը հայտնի է

Հոկտեմբեր 08,2012 16:11

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին իր գրասենյակում ներկայացնում է Վրաստանի նոր կառավարության կազմը, Թբիլիսի, 8-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրացական նոր կառավարությունում գրեթե բոլոր նախարարական պորտֆելները բաշխած են: Մի քանի ժամ առաջ «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հրապարակեց նախարարական նոր կաբինետի կազմը:

Ինչպես եւ ակնկալվում էր, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է ինքը` Իվանիշվիլին։ Երկու փոխվարչապետերի պաշտոնները հանձնվել են «Միլան» ֆուտբոլային ակումբի եւ Վրաստանի հավաքականի նախկին առաջատար Կախա Կալաձեին, որը համակարգելու է տարածքային կառավարման ոլորտը, եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային, ով զբաղեցնելու է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը` փաստորեն դառնալով նորաստեղծ կաբինետի առանցքային դերակատարներից մեկը:

Ալասանիան ուժային կառույցներում աշխատանքի որոշակի փորձ ունի: 90-ականներին նա աշխատել է երկրի պետանվտանգության նախարարությունում, ապա տեղափոխվել դիվանագիտական ծառայության` 2006-2008 թվականներին զբաղեցնելով ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Հետագայում Ալասանիան զբաղեցրել է Աբխազիայի խնդրով Միխեիլ Սահակաշվիլիի հատուկ ներկայացուցչի պաշտոնը` հանդես գալով Սուխումի հետ ուղղակի բանակցությունների օգտին:

Ի դեպ, Ալասանիայի հայրը` խորհրդային պետանվտանգության կոմիտեի գեներալ Մամիա Ալասանիան, մասնակցել է Աբխազական պատերազմին եւ զոհվել է 93-ի աշնանը` Սուխումի գրավման ժամանակ:

Իրակլի Ալասանիան այսօր արդեն մեկնաբանելով իր նշանակումը` հայտարարեց. – «Առաջիկայում մենք մանրակրկիտ կերպով կուսումնասիրենք երկրի պաշտպանական համակարգում տիրող իրավիճակը, Վրաստանի պաշտպանունակության յուրատեսակ «աուդիտ» կանցկացնենք` փորձելով հասկանալ` ի՞նչ էր կատարվում երկրի պաշտպանական գերատեսչությունում, երբ այն ղեկավարում էին փաստացի հանցագործները»:

Իրակլի Ալասանիայի կնոջ քույրը` Մայա Փանջիկիձեն, նոր կառավարությունում զբաղեցնելու է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Վերջին ամիսներին Փանջիկիձեն զբաղեցնում էր Իվանիշվիլիի մամուլի քարտուղարի պաշտոնը, նախկինում նա աշխատել էր վրացական ԱԳՆ-ում:

Փանիջիկիձեն արդեն իսկ հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի: «Մենք կզբաղվենք նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ ու գրավյալ տարածքների վերադարձով», – նշել է նա:

Նախարարական երկու պորտֆել` առողջապահությանը եւ գյուղատնտեսությանը, կզբաղեցնեն նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի երբեմնի թիմակիցներ Ամիրան Գամկրելիձեն եւ Դավիթ Քիրվալիձեն։

Ներքին գործերի նախարարությունը կղեկավարի Իվանիշվիլիի ստեղծած «Քարթու» միջազգային հիմնադրամի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Նոր կառավարությունում բավական լուրջ դերակատարություն կունենան «Վրացական երազանք» դաշինքին մաս կազմող եւս մեկ քաղաքական ուժի` Հանրապետական կուսակցության անդամները: Հանրապետականների առաջնորդներից քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին զբաղեցնելու է վերաինտեգրման նախարարության ղեկավարի պաշտոնը, որը զբաղվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերություններով: Իսկ Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիին «Վրացական երազանք»-ը պատրաստվում է առաջադրել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Ի դեպ, վրացական աղբյուրների փոխանցմամբ, վաղն արդեն կարող է կայանալ Բիձինա Իվանիշվիլիի եւ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում նրանք կքննարկեն կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության հետագա հարաբերությունների հարցը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031