ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանի դիվանագիտական բնագավառում եթե չկան անհաջողություններ, արդեն հաջողություն է: «Մեր դիվանագիտության մեջ երկու դոմինանտ հարց ունենք՝ Ղարաբաղի հարց եւ հայ-թուրքական հարաբերությունները: Այստեղ եւ ստրատեգիական եւ տակտիկական սխալ կա: Առանձնացնել միայն այս երկու հարցը եւ սրա շուրջ պտտել ամբողջ մեր արտաքին քաղաքականությունը եւ ասել՝ մենք հաջողեցինք, չհաջողեցինք, սխալ է»,- այսօր «Արցախ» ակումբում ասուլիսի ժամանակ, գնահատելով ՀՀ դիվանագիտությունը, ասաց պարոն Նավասարդյանը:
Հարցին, թե վերջին 5 տարում դիվանագիտության բնագավառում ի՞նչ հաջողություններ կառանձնացնի, պարոն Նավասարդյանը պատասխանեց.«Անցած տարի մեր արտգործնախարարը թվային մասով հայտարարեց, թե այսքան փաստաթուղթ է մտել արտգործնախարարություն, շրջանառվել: Դե եթե դիմացի շենք մուտք գործած կոմունալ ծախսերի թղթերն էլ հաշվենք, կարող է այդպես լինել: Բայց դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը այսպես չի կարելի որոշել: Հնարավոր չէ, հաջողություն չլինի, կա, երեւի մենք չգիտենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ