Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի լեզվաբանը զարմացած է. «Իրենց լավ տղաների տեղը դրածները լուրջ դեմքով մտնում են եկեղեցի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2012 15:31

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում Միացյալ Թագավորությունը ներկայացնող աշխարhահռչակ լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը հայտնեց, որ Բրիտանական խորհրդի հրավերով առաջին անգամ Հայաստանում հանդես է գալու դասախոսություններով՝ հոկտեմբերի 7-10-ը:

Երեկ պրոֆեսորը դասախոսել է «Անի Պլազայում» ու քննարկել անգլերենի շեշտադրումները. «Դասախոսության մեխն այն էր, որ եթե տարիներ առաջ սովորեցնում էին մեկ անգլերեն՝ արտասանել այնպես, ինչպես խոսում է թագուհին եւ BBC-ին, ապա այսօր նկատվում է հանդուրժողականություն՝ տարբեր անգլերենների դասավանդման առումով: Այսօրվա եւ քսան տարի առաջվա BBC-ի միջեւ մեծ տարբերություն կա, որովհետեւ նախկինում լսվում էր արտասանության մեկ տարբերակ, իսկ հիմա դրանք շատ են»:

Այսօր երեկոյան պրոֆեսորն իր կնոջ մասնակցությամբ հանդես է գալու Շեքսպիրին նվիրված ներկայացումով՝ դասախոսության համատեղությամբ. «Շեքսպիրը լուրջ գրող էր՝ զգացմունքային խորը տարրերով, բայց նրան կարելի է նաեւ թեթեւ վերաբերվել, անգամ՝ հումորով: Կինս հմուտ դերասանուհի է եւ լոգոպեդ ու այդ հարցում կօգնի ինձ»:

Քրիսթլը հայտնեց, որ առաջիկայում տեղի ունենալիք դասախոսությունները նվիրված են անգլերենի դասավանդման խնդիրներին, մեթոդաբանությանը եւ խոսակցական անգլերենին. «Անգլերեն սովորողները հիմնականում ուղղորդվում են դասագրքերով, որոնք ֆորմալ լեզու են սովորեցնում: Բայց երբ խոսում են անգլերենը որպես մայրենի լեզու օգտագործողների հետ, հասկանում են, որ նրանք օգտագործում են ոչ այն անգլերենը, որը դասագրքերն էին սովորեցրել: Այդ իսկ պատճառով դասախոսությունների ընթացքում կանդրադառնամ նաեւ ֆորմալ եւ ոչ ֆորմալ անգլերեններին»:

Դասախոսություններից մյուսը վերաբերում է համացանցային անգլերենին. «Համացանցը մեր կյանքը մեծապես փոխեց: Տարիներ առաջ ունեինք դրսեւորման գրավոր եւ բանավոր խոսքի միջոցներ, բայց համացանցը որպես հաղորդակցության երրորդ միջոց՝ փոխեց հաղորդակցման լեզուն: Այս առումով կփորձենք հասկանալ, թե ինչ զարգացում է ապրում անգլերենը համացանցում»,-ասաց լեզվաբանը:

Խոսելով Հայաստանից՝ նա նշեց, որ այցելել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ պատրաստվում է գնալ Մատենադարան. հասցրել է նաեւ խմել հայկական կարմիր գինի. «Կաթոլիկ լինելով հանդերձ՝ ինձ համար հետաքրքիր է քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը, մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Արարատ լեռը, որոնք չափազանց կարեւոր են ինձ համար: Հատկապես տպավորված եմ Էջմիածին կատարած այցելությամբ եւ մոմավառությունից: Ի դեպ, նկատեցի, որ իրենց լավ տղաների տեղը դրածները լուրջ դեմքով մտնում են եկեղեցի եւ մոմ վառում, իսկ դուրս գալուց՝ նույն տեսքով կանգնում եկեղեցու դիմաց: Նման բան Բրիտանիայում չես տեսնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031