ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված սկանդալային հարցազրույցում անդրադարձել էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին ու «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին՝ ասելով. «Այ, ահաբեկելը կտեսնեն»: Հայրապետյանը նաեւ հայտարարել էր, թե նրանք ֆինանսավորվում են Գագիկ Ծառուկյանի կողմից ու նրա պատվերը կատարում:
Նշենք, որ Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը այսօր բարի համբավին, պատվին, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով դիմել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քաղաքացիական գործը կվարի դատավոր Աիդա Դավթյանը:
Aravot.am-ին այս առիթով տիկին Խառատյանն ասաց, որ որեւէ ակնկալիք դատարանից չունի. «Պարզապես Ռուբեն Հայրապետյանի հետ խոսելու ուրիշ տարբերակ չկա…. Ես չեմ կարող Ռուբեն Հայրապետյանի հետ ուրիշ կերպ խոսել եւ քննարկել՝ առանց դատարանը միջնորդ ունենալու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ