Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Վաղարշապատ քաղաքի տոնական միջոցառումներին

Հոկտեմբեր 08,2012 14:16

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը և հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:

«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Այստեղ է երկնի վերին խորաններից հրաշափառ կերպով իջել հարուցյալ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս վայրում է ունեցել իր լուսեղեն տեսիլքը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել հայոց աստվածատուր գրերը իր մտքի հիասքանչ հանճարով երկնած` Հայաստան վերադարձող Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Հոգևոր և մտավոր մեր զարթոնքն ու ծաղկունքը սկսվել են Վաղարշապատ-Էջմիածին աստվածօրհնյալ քաղաքից, որի պատմական անցյալը լուսավորվել է քրիստոնեական արշալույսի նոր հորիզոններով: Այստեղ են համախմբվել մեր երանելի Կաթողիկոսներն ու հայոց թագավորները հավատացյալ ժողովրդի հետ միասին, ուրախացել մեր ազգային և հոգևոր տոներով, համախումբ աղոթք բարձրացրել առ Երկնավորը: Այստեղից են ղողանջել կոչնակ զանգերը նաև հայրենյաց պատշտպանության` Ավարայրից Սարդարապատ, այո, նաև` Արցախ:

Դարեր շարունակ Հայոց մեծ աշխարհի տարբեր կողմերից, այնուհետ նաև ողջ աշխարհասփյուռ եզերքներից այս քաղաք են ուխտավորաբար այցելել և այցելում բազում հայորդիներ և ուխտավոր հյուրեր` խոնարհվելու մեր նվիրական սրբություններին, տեսնելու Էջմիածինը, որը պատմության հոլովույթներում փարոսի պես լույս սփռող իր Մայր Աթոռով այսօր ևս շարունակում է լինել նվիրական քաղաք: Սուրբ Էջմիածինը հավատքի վեմն ու սրբազան կենտրոնն է համայն հայ ժողովրդի: ՙԱյս սրբավայրում` Իջման Սուրբ Տեղում է գտնվում հայ ժողովրդի սիրտը: Սիրիր Էջմիածինը, ներս մտիր, համբուիր Իջման Սուրբ Խորանը և դու համբուրած կլինես ամբողջ աշխարհով մեկ սփռված ողջ տարագիր ազգիս՚,- գրում է Պերճ Պռոշյանը», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Խոսքն ուղղելով վաղարշապատցիներին` Նորին Սրբությունը նկատեց, որ պատիվ ու նաև պատասխանատվություն է լինել բնակիչը այս քաղաքի:  «Էջմիածնաբնակ Մեր զավակները մշտապես առանձնահատուկ կերպով վկայել են իրենց մեծագույն սերը, որ ունեն հանդեպ լուսավորչահաստատ Մայր Աթոռը մեր Սուրբ Եկեղեցու: Այս իմաստով նաև յուրաքանչյուր հայ էջմիածինցի է Սուրբ Էջմիածնին իր պատկանելությամբ, մեր նվիրական հոգևոր կենտրոնի հանդեպ որդիական ջերմ սիրո և անխախտ հավատարմության վկայությամբ: Մեր ժողովուրդը միշտ հավատացել է, որ Սուրբ Էջմիածնի լույսը անմար է և շարունակելու է պայծառ շողարձակումով Աստծո օրհնությունը բաշխել սիրասուն իր զավակներին` հաղթահարելու ամեն փորձություն ու նեղություն, կերտելու բարօր ու պայծառ կյանք, իրականություն դարձնելու ազնիվ ու արդար երազները հայ ժողովրդի», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` հորդորելով նորոգվել Էջմիածնի սիրով, ապրել աստվածահաճո ընթացքով, միասնաբար խնամել և ծաղկեցնել քաղաքը, պահպանել հայ ժողովրդի նվիրական ու դարավոր սրբությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց քաղաքի իշխանություններին իրենց աշխատանքի և գործունեության համար` ի խնդիր Վաղարշապատ քաղաքի առաջընթացի ու բարօրության:

Հանդիսավոր նիստից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց, ծաղիկներ դրեցին Արցախի հերոսամարտի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով զոհված հայորդիների հիշատակին, ինչպես նաև ներկա գտնվեցին Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բացման արարողությանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031