Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը մտահոգ է. նոր սերունդը մոռացել է Աբովյանին:
Այսօր Մամուլի ազգային ակումբում նա լրագրողներին տեղեկացրեց, որ առաջին անգամ մեծ գրողի ու լուսավորչի գործերը (առակները եւ «Թուրքի աղջիկը») թարգմանվել են անգլերեն, իսկ «Նախաշավիղ կրթության» եւ «Պարապ վախտի խաղալիք» գրքերը դեռ թարգմանական պրոցեսում են:
«Իմ ամենամեծ տառապանքն այն է, որ ժողովուրդը չի ճանաչում իր հանճարեղ զավակին, որովհետեւ դրա համար նախադրյալներ չեն ստեղծվում»,-ասում է տնօրենը ու հավելում, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է թանգարանի ուժերով Աբովյանի անգլերեն թարգմանված գործերը տպագրել ու հանձնել անգլիական դպրոցներին:
Կարդացեք նաև
Զատիկյանը նշեց, որ թանգարանը հրատարակել է նաեւ «Հայկական հարց» վերնագրով հայագիտական հանդես, աբովյանագիտական նյութերի 6 ժողովածու: Նա պատմեց, որ հայտնաբերվել են Աբովյանի ձեռագրով գերմաներեն գրառումներ՝ հայկական երաժշտության մասին ու մեկ ամիս է գերմաներենի մասնագետ են փնտրում, որպեսզի դրանք թարգմանի ու վերծանի:
Աբովյանի տուն-թանգարանը նաեւ «Թուրքահայի գործը. Գուրգեն Գուլգուլյան» վերնագրով գիրք է հրատարակել, որը պատմում է 1899-ին իր ընտանիքին կոտորած թուրք Հասանի հանդեպ հաշվեհարդար տեսած Գուրգեն Գուլգուլյանի մասին, ում ռուսական դատարանն արդարացրել է: «Նա Սողոմոն Թեհլերյանից առաջ է եղել, բայց Սողոմոնին գիտեն, իսկ Գուրգենին՝ ոչ»,-ասում է Զատիկյանը: Հետո էլ շեշտում, որ հայերը ամենեւին էլ ահաբեկիչ ու պատժիչ չեն, եւ զուր են այսօր հայկական TV-ները բանավեճեր կազմակերպում՝ «Սպանե՞լ, թե՞ ոչ Սաֆարովին» թեմայով. «Ախր մեր հարեւանները հիմա այդ հաղորդումները տեսագրել-պահել են ու վաղը մեր դեմ են օգտագործելու»:
Թանգարանը ցանկություն ունի շրջիկ ցուցահանդեսով հանդես գալ Արցախում, որտեղ Աբովյանի անունը կրող մի քանի դպրոց կա:
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 20-ին պատրաստվում են նշել Աբովյանի ծննդյան օրը: Նախատեսված է հրատարակել մի ժողովածու, որտեղ տեղ կգտնեն Աբովյանի անվան դպրոցների աշակերտների լավագույն շարադրությունները՝ գրողի մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ