Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքի հայաթափման մեջ մեղադրեցին ոչ միայն վրացական, այլեւ հայկական իշխանություններին

Հոկտեմբեր 08,2012 13:48

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան ՀՀ ԱԺ ջավախքահայ պատգամավոր, «Վիրահայերի Միասնություն» հ/կ-ի համանախագահ Տաճատ Վարդապետյանը եւ վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:

Պարոն Վարդապետյանը նախընտրեց լավատեսական գնահատական տալ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին եւ շնորհավորել հաղթող «Վրացական երազանք» ուժին` ակնկալելով, որ այս ընտրությունների արդյունքում եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները ավելի լավ կլինեն, եւ Ջավախքի ու ջավախքահայության վիճակը կլավանա:

Շատ ավելի հոռետեսական էր տրամադրված Հայկազուն Ալվրցյանը, որը թեեւ համարում էր, որ «այս ընտրություններն ավելի լավն էին, քան նախորդը, ու թեեւ եղել են շատ խախտումներ, բայց իշխանությունները կարողացան այնպիսի դիրք գրավել, որ անգամ նման խախտումներով ընտրությունները դարձան զարգացման պայման», սակայն չէր կարող մտահոգություն չհայտնել իշխանության եկած ուժի հակահայկական հայտարարության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ իր հարցազրույցներից մեկում «Վրացական երազանքի» առաջնորդը հակահայկական բնույթ ունեցող հայտարարություն էր արել, ապա հերքել էր իր այդ հայտարարությունը:

Պարոն Ալվրցյանը հիշեցրեց. «Վրաստանում բոլոր իշխանության եկած մարդիկ եւ կուսակցություններն անպայմանորեն սկսել են իրենց գործունեությունը եւ խոսքը իրենց ամենացավոտ հարցից: Վրաստանի նման փոքրիկ բազմազգ կայսրության համար ազգային հարցը շատ լուրջ խնդիր է, եւ բոլորը սկսում են դրանից: Այլ ազգերի գոյությունը եւ տարածվածությունը, նրանց աճը բոլոր քաղաքական ուժերին անհանգստացնում է: Եվ ազգային փորքամասնություններից ամենաշատը նրանց անհանգստացնում է բնիկ հայ ժողովուրդը: Նրանք ադրբեջանցիների մասին չեն խոսում, հայերի մասին են խոսում, որովհետեւ գիտեն, թե ինչ է հայկական հարցը իրենց համար»:

Հայկազուն Ալվրցյանը կարծում էր, որ այդ հայտարարությունը եւ նրա հերքումը նույնչափ վատն էին, անգամ` հերքումն ավելի վատն էր, որովհետեւ հերքման տեքստում ասվում էր, որ հայերը հաջողակ են, ինչով կարող է առաջացնել վրացիների տրամադրվածությունը հայերի հանդեպ` թե ինչո՞ւ են նրանք գալիս իրենց երկրում հաջողության հասնում, եւ մյուս կողմից էլ ասում էր, թե վրացիները հայրենասեր են, առանց իրենց հայրենիքի եւ հողի ապրել չեն կարող, իսկ հայերն ընդամենը հաջողակ բիզնեսմեններ են` հայրենիքի զգացողությունից զուրկ, եւ այս խոսքերում Ջավախքում հայերի պատմական արմատներ ունենալն էր ժխտվում:

Տաճատ Վարդապետյանը, տեղեկացնելով, որ ջավախքահայության շրջանում Բիձինա Իվանիշվիլին ուներ որոշակի համակիրներ, հույս հայտնեց , որ գուցե այդ մարդիկ Իվանիշվիլու մեջ տեսել են որոշակի հայանպաստության տարր, այլապես չէին սատարի:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարան են անցել չորս ազգությամբ հայեր, որոնցից երկուսը` Իվանիշվիլու ղեկավարած դաշինքով, եւ երկուսը` Սահակաշվիլու կողմնակիցներից: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը քաղաքական անփորձության արդյունք էր, եւ այդ ուժին դեռ քաղաքական հասունացում է սպասվում: Նրանք պետք է հասկանան, որ հայերը նոր մարդիկ չեն Վրաստանում, հայերը հարյուրամյակներ շարունակ շենացրել են Վրաստանը, արարել են եւ ոչ մի վտանգ չեն ներկայացրել, եւ դա մեծապես կախված է իշխանությունների բարի կամքից»,-ասաց պարոն Վարդապետյանը:

Պարոն Ալվրցյանը նույնպես կուզեր լավատես լինել, սակայն պատմությունն այլ բան է թելադրում. «20-րդ դարի սկզբին Վրաստանի բնակչության 40%-ը հայեր էին եւ կային անթիվ հայկական դպրոցներ, թատրոններ, եկեղեցիներ: Սովետի ժամանակ շատ դպրոցներ փակվեցին, բայց հարյուրավորներ կային: Իսկ այսօր Թիֆլիսում չկա եւ ոչ մի հայկական դպրոց: Եթե ազգին իր լեզվով գրելու եւ սովորելու հնարավորություն չես տալիս, եղածը փակում ես` ինչի՞ մասին է խոսքը: Ինչ դասագիրք տպվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում, որոնցում Հայաստանի քարտեզն ավաղաղված է կամ անգամ չկա, նույնպիսի քարտեզներ տպվում են Վրաստանում»:

Նա Ջավախքի հայաթափման մեջ մեղադրեց ոչ միայն վրացական իշխանություններին, այլեւ` ինչ-որ տեղ հայկական իշխանություններին. «Բռնում են ջավախքահայերին ՀՀ քաղաքացիություն են տալիս, իսկ քանի որ Վրաստանում երկքաղաքացիության ինստիտուտը չի գործում, հենց հաջորդ օրը վրացիները այդ ջավախքցիներին զրկում են վրացական քաղաքացիությունից: Ու դրանից հետո այդ մարդիկ համատարած լքում են Վրաստանը, եւ գալիս են ոչ թե Հայաստան, այլ գնում են Ռուսաստան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031