Հոկտեմբերի 9-ին, ժամը 9.30, Երևանի Նար Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման հանդիսությունը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան:
Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվեց աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգեց սիրիական կրթական ծրագրով դպրոցի ստեղծման գործնընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ, նախաձեռնող կազմակերպության հետ համատեղ: Կայացան բազմաթիվ աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ սփյուռքի, կրթության և գիտության նախարարների մոտ, որի արդյունքում, օգոստոս-սեպտեմբերին աշխատանքներ տարվեցին Հայաստանում, մասնավորապես, Երևանում գտնվող սիրիահայ երեխաների, ուսուցիչների հաշվառման, դասարանների համալրման, Սիրիայից 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաներին համապատասխան դասագրքերից 1-ական օրինակների ձեռքբերման և բազմացման, դպրոցի ընտրության, դասարանները դպրոցական կահույքով և պարագաներով ապահովելու, ուսումնական գործընթացին առնչվող այլ խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ