«Մենք երբեք այսքան ծանր ժամանակներ չենք ապրել: Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է ամբողջանալ, ուժերը հավաքել: Այսօր մեր հասարակության իմունոհամակարգը զրոյական է, պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել»,-այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նման ոչ լավատեսական միտք արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
Իսկ ինչ վերաբերում է նոր փոփոխությունների գնալու Սերժ Սարգսյանի ցանկությանը, ապա ըստ պարոն Աբրահամյանի` Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ձեռքը խփի սեղանին կառավարությունում եւ պահանջի կոռուպցիայի վերացում, այլ «ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդելու»:
Այս կապակցությամբ նա հիշեցրեց, թե որքան են լկտիացել որոշ պաշտոնյաներ: «Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ այնքան ցինիկանան, որ հայտարարեն, թե «բա իմ տղան «Բենթլի» չքշի, ո՞վ քշի», ո՞նց կարելի է կնոջ վրա ձեռք բարձրացնել եւ չպատժվել… Ամիսը մեկ մի արտառոց այլանդակ դեպք է լինում, որ ամբողջ հանրապետությունը տակնուվրա է լինում, եւ այդ այլանդակության հեղինակները, ցավոք սրտի, իշխանական հզոր հովանու ներքո գտնվող մարդիկ են լինում»,-վրդովված ասաց պարոն Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Ասուլիսից հետո «Առավոտի» հարցին, թե`«ո՞ւմ գլուխը կցանկանայիք, որ ջարդի Սերժ Սարգսյանը», պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ խոսքը համակարգային փոփոխությունների մասին է, «Փոփոխություններ են պետք թեկուզ զուտ հանրության մեջ հոգեբանական մթոնոլորտը փոխելու համար: Եթե հիմա նույնիսկ տնտեսական զարգացման էս փուլում ի վիճակի չեն լավ բան անելու, բայց այդ փոփոխություներով որոշակի տրամադրություն կարող է հասարակության մեջ փոխվել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ