«Ինձ համար անընդունելի է, որ զուգահեռներ են տարվում իմ եւ Վարդան Օսկանյանի միջեւ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ նկատի ունենալով, որ իրեն համեմատում են Վարդան Օսկանյանի հետ՝ անձեռնմխելիությունից զրկվելու հարցում: Նրա խոսքերով՝ «Ինձ հայտարարեցին որպես ազգի դավաճան, բոլորդ էլ գիտեք, որ Վազգեն Մանուկյանն էր ընտրվել: Թաղում էին կազմակերպել, ամբողջ ճանապարհը փակել, որպեսզի ինձ ձերբակալեին: Տանել զուգահեռներ ֆինանսական խնդիրներով ինչ-որ հարցերի հետ, ուղղակի արդեն իսկ վիրավորական է: Ի՞նչ է եղել, հարցեր կան, եթե փողերի լվացում չի եղել: Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ եթե պրոբլեմ չկա, ես ներողություն նույնիսկ կխնդրեմ: Ես կարծում եմ՝ որեւիցե հեռավոր զուգահեռ ինձ հետ չկա: Չեմ հասկանում, թե քաղաքական ինչ պլատֆորմ ունի Վարդան Օսկանյանը, ի՞ն չ գաղափարների է նա ենթարկվում, որ տվյալ դեպքում քաղաքական աստառի խնդիր է ծագել»:
Հարցին՝ եթե չհամեմատենք, ամեն դեպքում Դուք Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մեջ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում՝ պարոն Սադոյանը պատասխանեց. «Ամեն մի հարց քաղաքական ենթատեքստ ունի, նույնիսկ, երբ ձերբակալվում էր Վազգեն Խաչիկյանը, որովհետեւ կարելի էր ձերբակալել մեկ տարի առաջ: Եթե պարոն Օսկանյանը ԲՀԿ ջերմ կողմնակից է, բնական է, որ Օսկանյանը պետք է շատ ավելի շուտ մտած լիներ այդ կուսակցություն, քան ընտրությունների նախաշեմին: Բայց իրավունք չունենք մենք բոլորս միայն քաղաքականացնելու»:
Ըստ պարոն Սադոյանի, «Երբ Անգլիայի թագուհուն տալիս են ոսկի գրիչ, դա պետք է գրանցվի: Եթե արտգործնախարարին նվեր է տրվում մեկուկես միլիոն դոլար… Ով փող է տալիս՝ երաժշտություն է պատվիրում: Միգուցե Հանթսմանը իր մոտեցումներից ելնելով լրիվ անշահախնդիր է դա արել, միայն նշել, որ այդ գումարը պետք է ծախսվի բարեգործական նպատակներով ու ում կողմից եւ եթե դա էլ չի կատարվել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ըստ ԲՀԿ-ի, ովքեր քննադատում են Օսկանյանին՝ ծպտյալ իշխանամետ են՝ նա պատասխանեց. «Լավ ի՞նչ է, իսկապես ինձ էլ է հետաքրքրում, ես հանդիպել եմ որոշ քաղաքական գործիչների հետ: Ազգային համագործակցություն հիմնադրամն եմ հիմա ղեկավարում, որպեսզի վիրտուալ ցանցում ստեղծի վիրտուալ տարածք՝ հաշվի առնելով, որ մեր Սփյուռք ունենք: Երբ այս հիմնադրամի աշխատանքներն ապահովելու համար ես դիմում եմ մեծահարուստներին, որ միջոցներ ունենա հիմնադրամը՝ ահավոր դժվարություններ են ծագում, նույնիսկ 50 հազար դրամի համար Ծպտյալ իշխանամետ տերմինը լիարժեք չէ: Դրա մասին բաց հայտարարություն անել՝ անհասկանալի է:»:
Aravot.am-ի հարցին՝ Դուք այսինքն համամիտ եք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը, որ սիրուն աչքերի համար Օսկանյանին 2 մլն չէին տա, որ «իր ԱԳ նախարար լինելու ընթացքում ԼՂՀ-ը դուրս մնաց բանակցային սեղանից, Լաչինը և Քելբաջարը անվանվեցին օկուպացված տարածքներ և այս ամենի հետ 10 տարվա ԱԳ նախարարին ինչ որ մի հատ երկիր 2 միլիոն դոլար է նվիրում, սա ի՞նչ է նշանակում, արդյոք սա չի՞ համարվում կոռուպցիա»:
Արշակ Սադոյանը պատասխանեց. «Ո՛չ, համամիտ չեմ: Ես այդ ժամանակ պատգամավոր էի: Նա ախպար է, ինչ-որ չափով լեզուն այն չի: Նա ավտոմատորեն կրկնեց այն: Նա բառն օգտագործեց՝ առանց իմաստը հաշվի առնելու: Այդտեղ չի մեխը՝ նա սխալ բառ ասե՞ց, թե՞ չասեց: Կարեւորն այն է, թե ինչ էին անում: Ճիշտ է, արտգործնախարար է, պետք է բառերը զգույշ օգտագործի, բայց լեզվի սայթաքում էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ