Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչ. Ի՞նչ կարիք կա այդքան շեփորահարել ծեր կնոջ բռնաբարության մասին

Հոկտեմբեր 08,2012 12:41

Այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում սփյուռքի հայկական մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարները խոսեցին Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդյունքներից` անդրադարձ կատարելով հայաստանյան լրատվական դաշտին:

Համաժողովի համակարգող մարմնի նախագահ, լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ համաժողովին մասնակցում էին սփյուռքի տպագիր, էլեկտրոնային եւ այլ լրատվամիջոցների 85, իսկ Հայաստանից` 30 ներկայացուցիչ. «Շոշափված թեմաների առումով ինչ որ տեղ շարունակականություն կար, քանի որ նախորդ համաժողովում նույնպես ներառված էր հակառակորդների ապատեղեկատվական համակարգը զսպելու միջոցների մշակումը: Համաժողովի ծրագիրը սեղմ ժամկետի մեջ բավական հագեցած էր. լսեցինք 51 զեկույց, այդ թվում` մասնագիտական ելույթներ, իսկ քննարկումները բովանդակալից էին եւ նոր ուղիներ գտնելու հնարավորություններ էին տալիս»:

Գանտահարյանը հավելեց, որ համաժողովի հիմնական ուղղություններն էին Ցեղասպանության ճանաչումը եւ հատուցման վերաբերյալ հանրային կարծիքի ձեւավորումը եւ միջազգային լրատվական դաշտը հայանպաստ ձեւով կողմնորոշելը. «Առիթ ունեցանք հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, եւ ԱԺ փոխխոսնակի հետ: Վարչապետը այցելեց Աղավնաձոր եւ հանդես եկավ սպառիչ զեկուցմամբ, որին հաջորդեց հարց-պատասխան եւ քննարկում»:

Անդրադառնալով սփյուռի հայկական լրատվամիջոցների գործունեությանը` ամերիկյան «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանն ասաց, որ «Ասպարեզի» լրատվության մասն են կազմում հայաստանյան մամուլի վերլուծականն հոդվածները` թե ընդդիմադիր թերթերի, եւ թե պաշտոնական աղբյուրների. «Հետեւում ենք հայկական գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներին, որպեսզի Լոս-Անջելեսի բնակիչը անմիջական հաղորդակցություն եւ պատկերացում ունենա հայ իրականության մտահոգիչ խնդիրների մասին»:

«Նոր Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը նշեց, որ թերթն ակտիվ արձագանքում է հայկական մամուլի առավել կենսական լուրերին. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով անդրադառնում ենք այն ամենին, ինչը մատուցում է հայկական մամուլը: Թարգմանական լայն քաղվածքներ ենք անում, որպեսզի Թուրքիայի հայերը տեղյակ լինեն, թե ինչ են մտածում թուրք մտավորականները մեր մասին»:

Համբիկ Մարտիրոսյանի (Լիբանան` «Խոսնակ» ամսագիր) խոսքով` լիբանանյան լրատվամիջոցների հիմնական թեման Հայաստանն է. «Մենք առավելապես հետաքրքրվում ենք ընտրություններվ եւ Ցեղասպանության ճանաչման խնդրով, ինչպես նաեւ` Միջին Արեւելքում տիրող իրադրությամբ, քանի որ Սիրիայի հարցը ազգային իմաստ է ձեռք բերել»: Մարտիրոսյանի համոզմամբ. «Հայկական լրատվամիջոցները չպետք է շեփորահարեն մանր-մունր ճղճիմ բաները, ինչպես օրինակ` երիտասարդի կողմից ծեր կնոջը բռնաբարելը: Դրանք փոքր եւ տխուր հարցեր ենք, որոնք պետք է մեղմացնել, ոչ թե անընդհատ խոսել դրանց մասին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031