Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Իսկ որտե՞ղ էր ԲՀԿ-ն, երբ որ մեր գլուխներն էին ջարդում»

Հոկտեմբեր 08,2012 12:11

«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում միանշանակորեն բացառեց իրենց կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու հավանականությունը. «Եթե ինքն իրենով, առանց ականջների, արենա դուրս գա», եւ այդ դեպքում «մտածելու բան կունենան»` Սերժ Սարգսյանին սատարելու առումով:

Պարոն Աբրահամյանը մի քանի անգամ շեշտեց, որ միայն այն պարագայում, եթե նախագահի թեկնածություն դնի Ռոբերտ Քոչարյանը եւ դիլեմա առաջանա` Քոչարյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան, իրենք կքննարկեն` Սարգսյանին սատարելու տարբերակը: Սակայն նա նաեւ հնարավոր վարկած էր համարում այն, որ Քոչարյան- Սարգսյան հակամարտությունը հրաշալի սցենարիստի եւ հրաշալի ռեժիսորի բեմադրություն էր, որպեսզի մարդիկ, վախենալով Քոչարյանի հավանական վերադարձից, ընտրեն «չարյաց փոքրագույն» Սերժ Սարգսյանին:

Իսկ եթե ԲՀԿ-ն ոչ թե Քոչարյանին, այլ որեւէ ուրիշ թեկնածու առաջադրի՞, ասենք` Գագիկ Ծառուկյանին, կամ Վարդան Օսկանյանին, այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում կընտրի կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը այս դեպքում կմտածի, որ դա «խաղ է», քանի որ ինքը շատ լավ գիտի, թե որտե՞ղ են ԲՀԿ-ի արմատները: «Ծառուկյանի կուսակիցներն իսկի գլխի չեն` ինքը Հայաստանո՞ւմ է, Հայաստանում չէ, ի՞նչ է ասում… Ես ո՞նց կռահեմ: Եթե մի կուսակցություն իր երկրորդ համարին (խոսքը Վարդան Օսկանյանի մասին է, որին պարոն Աբրահամյանը ասուլիսի սկզբում ԲՀԿ-ՀՀԿ խաղերի «զոհ» համարեց-Մ.Բ.) փուռն է տալիս, ես չեմ կարող լուրջ ընդունել»: Ի՞նչ պետք է անեին կուսակիցները, որ չարեցին` հարցին պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Որտեղ էլ լիներ ԲՀԿ առաջնորդը պետք է պաշտպաներ իր ցուցակի 2-րդ համարին, չէր կարելի հենց էնպես թողնել բախտի քմահաճույքին: Թող կուսակիցները գնային տրիբունան գրավեին, չթողնեին դատախազը մոտենար, մի հատ սուր ելույթ ունենային…»:

Պարոն Աբրահամյանը «միանշանակ` ոչ» պատասխանեց հարցին, թե` փաստորեն չե՞ք հավատում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:

Պարոն Աբրահամյանին վրդովեցրել էին ԲՀԿ-ի կողմից հնչող ակնարկները, թե նրանք, ովքեր չեն պաշտպանում Օսկանյանին, իշխանության կողմից են: «Իսկ որտե՞ղ էր ԲՀԿ-ն, երբ որ մեր գլուխներն էին ջարդում: Ես Օսկանյանի հետ անվտանգության խորհրդի անդամ էի, երբ ինձ գցեցին փողոցում, գլուխս ջարդեցին, գոնե մի հատ կարեկցանքի զանգ չարեց Օսկանյանը: Միակ մարդը, որ զանգեց` Վահան Հովհաննիսյանն էր»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031